Մատչելիության հղումներ

Այսօրվանից դադարեցվել է ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում


Ռուսական Առաջին ալիքի լոգոն, արխիվ
Ռուսական Առաջին ալիքի լոգոն, արխիվ

Ռուսական РТР պետական ալիքով Կրեմլի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի երկու հաղորդումներն արգելափակելուց երկու ամիս անց այսօրվանից դադարեցվել է նաև ռուսական Առաջին ալիքի՝ ОРТ-ի սփռումը Հայաստանի տարածքում։ Պաշտոնական հիմնավորումը ռուսական կողմի 2.5 ամսվա պարտքն է, հեռարձակումը դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։ Պարտքի չափը հայկական կողմը չի բացահայտում, Մոսկվան այն վճարում է հանրային հեռարձակման դիմաց։

«Պարոն Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում». - ռուսական Առաջին ալիքի արգելափակման մասին հայտարարության նախորդ օրը ОРТ-ով հեռարձակվող «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ մոտ 20 րոպե Հայաստանի ներքաղաքական վիճակն էր քննարկվում։ Հատվածներ ընդդիմության ցույցերից, կադրերը, որտեղ կարմիրբերետավորները ծեծում էին դաշնակցական պատգամավորին, ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ...

Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որին երկու տարի առաջ Հայաստանի իշխանությունը անցանկալի անձ համարեց, կոշտ քննադատում էր Հայաստանի իշխանությանը՝ պնդելով, թե այսօր շրջադարձային կետ է հայոց պետականության նորագույն պատմության համար։

«Ռուս-հայկական հարաբերություններում դավաճանության ճանապարհը բռնելով՝ Փաշինյանը գցեց իր հայրենակիցներին Լեռնային Ղարաբաղում. ըստ էության, հրաժարվեց նրանցից, դավաճանեց։ Այսօր նա Ադրբեջանի հետ սակարկում է բուն Հայաստանի տարածքը, որտեղ որոշ գյուղեր արդեն համարվում են վիճելի և պետք է փոխանցվեն Ադրբեջանին. սա ժողովրդի համար դարձել է վերջին գիծը։ Ընդ որում, այս բողոքի շարժման ղեկավարը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ՝ արքեպիսկոպոս», - հայտարարում էր Զատուլինը:

Նկատի ունենալով Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը՝ ՌԴ Պետդումայի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովն էլ ակնարկեց, թե Հայաստանում դեռ կան ուժեր, որ դեռ գիտակցում են Ռուսաստանի կարևորությունը։

«Հայաստանի բարեկեցությունը, զգալի մասը կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից, մասնավորապես՝ տնտեսական։ Եթե քաղաքականությունից հեռու մարդն առաջնորդում է այս շարժումը, նա հասկանում է Ռուսաստանի պատմական դերը Հայաստանի ճակատագրի համար», - ասում էր Ակսակովը:

Կոշտ ձևակերպումներն այսքանով չսահմանափակվեցին, հիշեցին օրեր առաջ խորհրդարանում վարչապետի հայտարարությունը, երբ Փաշինյանն ասաց՝ ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել են Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Թեև մայրաքաղաքների անուններ Փաշինյանը չէր տվել, բայց Լուկաշենկոյի մասին էր խոսել: Ռուսական Առաջին ալիքով, սակայն, անուններ հնչեցին.

«Բնականաբար՝ դա Մոսկվան և Մինսկն են»:

«Նա իրեն շատ հանդուգն է պահում»:

«Մենք իրավունք չունենք հայ ժողովրդին որևէ բան պարտադրել, բայց մենք շատ հաստակ գնահատական ենք տալիս այս պահին գործող ռեժիմին, ղեկավարությանը, վարչապետին... »:

«Միայն երբ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների նկատմամբ կան այդպես խիստ քննադատական արտահայտություններ այս կամ այն հաղորդումներում, միայն դրանից հետո ինչ-որ քայլեր անել, այն էլ՝ բավականին, այսպես, ոչ համոզիչ, իրականացվում է մեր իշխանությունների կողմից». - Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը պատրվակ է համարում պարտքի դիմաց ռուսական ալիքի արգելափակումը՝ հարց բարձրացնելով՝ իսկ եթե վաղը վճարեն՝ նորից բացելո՞ւ են, թողնեն, որ շարունակաբար խախտե՞ն երկկողմանի միջկառավարական համաձայնագիրը։

Նավասարդյանն առհասարակ կողմ է պայմանագիրը միակողմանի խզելուն, ավելին՝ կարծում է, որ Հայաստանի իշխանությունների պատասխանը Ռուսաստանին շատ մեղմ է։

«Իր գործը չի արել, օրինակ, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, որը պետք է բազմաթիվ գործեր հարուցեր այս կամ այն բովանդակության հեռարձակման համար, քանի որ մենք բազմաթիվ անգամներ ականատես էինք լինում և՛ պատերազմի քարոզի, և՛ բռնության քարոզի, և դա, բնականաբար, չպիտի անհետևանք մնար: Ես կողմնակից եմ, որ մենք ավելի հետևողական և սկզբունքային լինենք, այլ ոչ թե այսպես պատեհապաշտ որոշումներ կայացնենք», - ընդգծեց ԵՄԱ պատվավոր նախագահը:

Ռուսական կողմից դեռ պատասխան չկա։ Հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին հայկական կողմը միայն այս տարի մի քանի անգամ դիմել է ռուս գործընկերոջը՝ միջկառավարական համաձայնագիրը վերանայելու համար, մեկ ամիս առաջ էլ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը չբացառեց այն միակողմանի խզելու տարբերակը։ Գործնական քայլերի մասին, սակայն, դեռ չի հայտարարվել։

XS
SM
MD
LG