Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Կիրանցի հատվածում ծառայությունն իրականացնում են սահմանապահ զորքերը, Զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածներում կատարում են իրենց խնդիրները: Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, թե տվյալ հատվածում «կանոնավոր բանակը դուրս եկե՞լ է, սահմանապահները տեղակայվե՞լ են»:
«Ազատության» հարցին՝ զբաղեցրած դիրքերից դուրս եկե՞լ են հայկական զորքերը, ԳՇ պետը հակադարձեց. - «Էդ հարցերը մի ուղղեք, զբաղեցրած դիրքերից Զինված ուժերը դուրս չեն գալիս: Զինված ուժերի պահպանության համար դիրք չեն նշում՝ Զինված ուժերին նշում են բնագիծ, հատված, շրջան, հենակետ: Իսկ ինչ վերաբերում է դիրքին, դուք մարտավարական օղակի մասով ինձ հարց եք ուղղում: Զինված ուժերի Գլխավոր շտաբը ռազմավարական խնդիրներ է լուծում, և ռազմավարական օղակում նշանակում են բանակային կորպուսի գոտի, բրիգադին նշանակում են գոտի, գնդին նշանակում են տեղամաս, վաշտին նշանակում են հենակետ... Մենք մեր սահմանված, նախորոշված հատվածներում կանգնած ենք և կատարում ենք մեր առաջադրված խնդիրները»:
Կոնկրետ Ադրբեջանին անցած տարածքների վերաբերյալ հարցին Ասրյանը պատասխանեց. - «Ամեն վայրում, յուրաքանչյուր ուղղությունում, օպերատիվ ուղղությունում, օպերացիոն ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ: Սահմանապահ զորքերը այդ հատվածում իրենց առջև դրված խնդիրը կատարում են: Բանակը այնտեղ է, բանակը չի կարող ոչ մի տեղից դուրս գալ: Սահմանապահ զորքերը որտեղ իրականացնում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ մենք պատրաստ ենք իրականացնելու պաշտպանություն»:
Հիշեցմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանազատումից հետո միայն սահմանապահներ են լինելու սահմանին, ԳՇ պետն արձագանքեց. - «Այո, սահմանապահները սահմանում իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում Զինված ուժերը ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարել»:
Ասրյանը վստահ է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին անցած տարածքները Հայաստանի դե յուրե տարածքներից չէին. - «Այո, վստահ եմ: Ե՛ս չեմ պնդում, դա պնդում է սահմա՛նը, որը արտացոլված է մեր քարտեզների վրա: Ես պնդում եմ, որ այնտեղ կա սահման, սահման, որտեղ որոշվում են հանրապետության, պետության, տվյալ երկրի սահմանները: Ես ունեմ քարտեզներ, որոնք կոչվում են աշխարհագրական քարտեզներ, այդ քարտեզների վրա արտացոլված է սահման, իսկ թե այդ սահմանի ներսում, դրսում, քաղաքացիական անձը կամ իրավաբանական կառույցը ունի համապատասխան հողամաս, տուն, կառույց, շենք, շինություն, դա Զինված ուժերի գործունեությանը չի [վերաբերում]»:
Հիշեցմանն էլ՝ «Դուք Ջերմուկի դեպքերի ժամանակ հայտարարում էիք, որ շրջափակման մեջ են ադրբեջանական զորքերը, և սովի, հացի պաշարների պատճառով հետ կգնան, ի՞նչ եղավ», ԳՇ պետը հակադարձեց. - «Երբ որ դուք ուսումնասիրեք և հասկանաք զինվորական գործունեություն, շրջափակում, շրջափակումից դուրս գալ, հետապնդում և այլ զարգացումներ, այն ժամանակ հարցը կուղղեք ինձ»:
«Բա ինչո՞ւ հետ չեն գնացել, Ջերմուկից ինչո՞ւ հետ չեն քաշվել», - լրագրողներից մեկի այս հարցին էլ Ասրյանը պատասխանեց. - «Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք ու միասին կգնանք: Դու պարտավոր ես դու էլ գաս, որովհետև դու էլ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Մի՛ հրահրիր ինձ, մի՛ հրահրեք ինձ ... Սխալ հաշվարկը դուք եք անում»: