Ոչ ոք չի կարող «թյուրըմբռնում ստեղծել և պառակտում մտցնել» Իրանի և Ադրբեջանի միջև, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։
Երկու երկրների նախագահների մասնակցությամբ այսօր կայացել է Խուդաֆերինի ամբարտակի շահագործման հանձնման և Գըզ Քալասի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությունը։
«Այս արարողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս երկու երկրների բարեկամությունը։ Այսօր ողջ աշխարհն ականատես է լինում, թե որքան մեծ է բարեկամությունը Իրանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Ըստ Ալիևի՝ իրանա-ադրբեջանական «բարեկամությունն ու եղբայրությունը կարևոր գործոն են ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության միջոցառումների ամրապնդման համար»։
Նա շեշտել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ոլորտում իրականացվող համատեղ նախագծերը առանձնահատուկ նշանակություն ունեն նաև տարածաշրջանի համար։
Էբրահիմ Ռայիսին, իր հերթին, ասել է, թե այն, որ շատ կարևոր խոշոր նախագծեր կարող են իրականացվել երկու ժողովուրդների և երկու պետությունների միջև, ինքնին նշանակալի իրադարձություն է։
«Գուցե ինչ-որ մեկին դուր չգան մեր հանդիպումներն ու համատեղ հաջողությունները։ Մեզ համար դա նշանակություն չունի։ Գլխավորն այն է, որ մենք միասին իրականացնենք այն, ինչ ի շահ մեր երկրների, պետությունների ու ժողովուրդների է», - նշել է նա։
«Թշնամիները Ադրբեջանի և Իրանի առաջընթացը չեն ցանկանում, բայց մենք կարծում ենք, որ ցանկացած առաջընթաց Ադրբեջանում մեր առաջընթացն է, ցանկացած սպառնալիք երկու երկրների սահմաններին կորուստ կլինի երկու երկրների համար»,- շարունակել է Էբրահիմ Ռայիսին։
Ադրբեջանի նախագահը նաև հավաստիացրել է՝ Թեհրանն ու Բաքուն միմյանց աջակցում են բոլոր միջազգային կառույցներում և կշարունակեն նույնն անել նաև հետագայում։
- Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամրջի տարածքում այս հանդիպման մասին հայտարարվել էր դեռ մարտին, սակայն շաբաթներ անց չեղարկվել էր, պատճառները կողմերը չէին հայտնել։
- Իրանի սահմանին՝ Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էր ջրամբար և էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։
- Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ այժմ կարող են միասնաբար օգտագործել Արաքս գետով անցնող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։