Մատչելիության հղումներ

Թեև Գյումրիի թիվ 19 դպրոցի նախկին տնօրենն աշխատանքի վերականգնման չորս դատական ակտ ունի, բայց դպրոց մտնել նրան դեռ չի հաջողվում


Գյումրիի թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյան
Գյումրիի թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյան

Գյումրիի թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի ձեռքին աշխատանքի վերականգնման չորս դատական ակտ կա, բայց Նարինե Մեսրոպյանն այդպես էլ չի հաջողացնում աշխատասենյակ մտնել։

Հինգ տարվա ընթացքում Շիրակի երեք մարզպետները, կատարելով դատարանի վճիռը, նախ նրան մի քանի օրով վերականգնել, ապա աշխատանքից ազատել են՝ վստահությունը կորցնելու, նաև աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով։

«Այս ամբողջ գործընթացում խախտվում է Նարինե Մեսրոպյանի աշխատանքային իրավունքը, քանի որ անձն, ունենալով նախապես կնքված աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով, օբյեկտիվորեն հնարավորություն չի ունենում կատարել իր լիազորություններն, ինչպես նաև նախապես իր կողմից ներկայացված ծրագիրն իրականացնել», - «Ազատության»-ը փոխանցեց փաստաբան Տիգրան Ղազարյանը։

Հանրապետական կուսակցության նախկին անդամ Նարինե Մեսրոպյանին 2018-ի հեղափոխությունից հետո մեղադրանք առաջադրվեց՝ պաշտոնեական դիրքի չարաշահման ու փաստաթղթեր կեղծելու համար, բայց գործը դատարան չհասավ․ Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը վարույթը կարճեց։

«Մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցանք, բայց ես նպատակահարմար չգտա դատել՝ այն պատճառաբանությամբ, որ էս փուլում և՛ իրեն, և՛ 25 ուսուցչի դատելը աննպատակահարմար էր», - պարզաբանել էր Կարեն Գաբրիելյանը։

Կարեն Գաբրիելյան, արխիվ
Կարեն Գաբրիելյան, արխիվ

Թեև Նարինե Մեսրոպյանը 2017-ին հինգ տարվա աշխատանքային պայմանագիր էր կնքել մարզպետարանի հետ, բայց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը 2 տարի անց՝ 19-ին, պայմանագիրը խզել է ու վստահությունը կորցնելու հիմքով ազատել աշխատանքից։

Աշխատանքի վերականգնման դատարանի հաջորդող որոշումներից հետո նույն պատմությունը կրկնվել է մյուս երկու մարզպետների դեպքում։

Ո՞րն է պատճառը, որ Շիրակի մարզպետները չեն կատարում դատարանի որոշումները։ «Ազատության» գրավոր հարցմանը Շիրակի մարզպետարանից հստակ պատասխան չեն տվել, փոխարենը մարզպետների որոշումներն են թվարկել, նշելով, որ դրանք տեղադրված են մարզպետարանի կայքում։

Գործող մարզպետը, որ հունվարին հրամայել է լուծարել Մեսրոպյանի հետ աշխատանքային պայմանագիրը՝ ժամկետը լրանալու հիմքով, այժմ պատրաստվում է բողոքարկել դատարանի վերջին որոշումը։ Մեսրոպյանի փաստաբան Տիգրան Ղազարյանն այնինչ պնդում է, որ իր վստահորդը աշխատանքային պայմանագրով մոտ երեք տարի պետք է տնօրենի պաշտոնում դեռ աշխատի։ Ըստ փաստաբանի՝առաջին ատյանի դատարանը հենց այս հիմանավորմամբ է նրա օգտին վճիռ կայացրել․ դատարանը համարել է, որ Նարինե Մեսրոպյանի պաշտոնավարման ժամկետը դեռևս ավարտված չէ։

Փաստաբան Տիգրան Ղազարյան, արխիվ
Փաստաբան Տիգրան Ղազարյան, արխիվ


«Մենք կարծում ենք, որ ժամկետը չի լրացել, քանի որ անձը փաստացի չի աշխատել որոշակի ժամկետով կնքված պայմանագրով սահմանված հինգը տարին, աշխատել է մոտ երկու տարին։ Դրա համար բողոքարկել ենք դատարան, առաջին ատյանի դատարանը մեզ հետ համակարծիք եղավ և հստակ նշեց՝ «այո՛, անձը դեռևս ունի չաշխատած ժամանակ ժամանակավոր պայմանագրով՝ որոշակի ժամկետով կնքված պայմանագրով, ուստի պետք է այդ ժամանակահատվածը ևս աշխատի», - ասաց Ղազաչյանը։

Փաստաբանն ասում է՝ իր աշխատանքային պրակտիկայում նույն անձին 4 անգամ վերականգնելուց հետո աշխատանքից ազատելու նախադեպ չի ունեցել։ Ինքը՝ Նարինե Մեսրոպյանը նախընտրում է լռել։

Դատարանների ու մարզպետների որոշումների այս շրջապտույտում Մեսրոպյանին հինգ տարի ամսական 245 հազար դրամ հարկադիր պարապուրդի գումար է վճարվել՝ ընդհանուր մոտ 15 միլիոն դրամ։ Վերջին որոշումից հետո ևս պետք է վճարեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG