ԵԱՏՄ կազմում Հայաստանի դաշնակից երրորդ երկրի ղեկավարին է Իլհամ Ալիևն ուղեկցում Ղարաբաղ։ Ղազախստանի, Ղրղըզստանի առաջնորդներից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է Ադրբեջան պետական այցի երկրորդ օրն այցելել Ֆիզուլի, ապա՝ Շուշի։
Այդ քաղաքում, որտեղ այսօր շրջում էր Բելառուսի առաջնորդը, արդեն երկրորդ հայկական եկեղեցին է ջնջվել գետնի երեսից, մինչ այդ էլ Շուշիի մերձակայքում գտնվող Քարինտակ գյուղն է հիմնահատակ վերացվել, ինչը Լուկաշենկոն կարող էր անզեն աչքով տեսնել Ջդրդզուզի կիրճից, որտեղ նույնպես հասցրել է լինել։
Բելառուսի առաջնորդին, սակայն, այլ հարցեր են այստեղ հետաքրքրում՝ ինչպես կարող է պատժամիջոցների տակ կքած օգտվել Բաքվի բազմամիլիոնանոց շինարարական նախագծերում, որ իրականացվում են այդ տարածքներում։
«Տեխնիկա, ագրոքաղաքներ, աշխատատեղեր, որոշակի տեխնոլոգիաներ՝ ձեր մասնագետները, նախարարները դրանց մասին լավ գիտեն, եթե դրանք պիտանի են, եթե մեր սարքավորումները կարող են մասնակցել և աշխատել ․․․ ես բանակցությունների ընթացքում Իլհամ Հեյդարովիչին հարցրել եմ՝ եթե հնարավոր է, որևէ տեղ տվեք Բելառուսի համար, խնդրում եմ, տվեք։ Եվ Իլհամ Հեյդարովիչը նման մոտեցմանն աջակցեց», - Ղարաբաղի նախագծերին մասնակցելու Մինսկի ցանկության մասին խոսելիս ասաց Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ի տարբերություն ադրբեջանցի պաշտոնակցի՝ մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման համար Բելառուսի առաջնորդի դեմ տարիներ շարունակ պատժամիջոցներ են սահմանվում, ինչի հետևանքով երկիրը զրկվել է հարևանությամբ գտնվող եվրոպական շուկաներից և Արևմուտքի հետ համագործակցությունից:
«Եթե այդ հողերի վերակենդանացման մեծ գործում մեզ համար տեղ գտնեք, որտեղ մենք կարող ենք ուս ուսի տալ, և դա ձեզ համար շահավետ լինի, մենք դա կանենք մեծ հաճույքով», - շարունակեց Լուկաշենկոն:
Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի կազմել է մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլար, կողմերը մտադիր են առաջիկայում այդ ցուցանիշը կրկնապատկել։ Երեկվա բանակցությունների արդյունքներով Ալիևն ու Լուկաշենկոն պայմանավորվեցին մի շարք համատեղ նախագծեր սկսել՝ պարարտանյութեր արտադրել Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի շուկաների համար, մեքենաների, հրասայլերի արտադրություն, գյուղատնտեսական ոլորտում համագործակցությունն ընդլայնել։
Լուկաշենկոյի այցի ընթացքում որոշվեց Մինսկին վստահել Աղդամի բնակավայրերից մեկի կառուցումը։ Ինչպես հայտարարեց Բելառուսի ճարտարապետության եւ շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը, խոսքը 420 ընտանիքի համար նախատեսված ագրոքաղաքի մասին է:
Բելառուսն ու Ադրբեջանը նախկինում հաջողությամբ համագործակցել են հատկապես ռազմական ոլորտում։ Մինսկը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից, վաճառել է այդ թվում «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Ընդ որում, ինչպես կարելի է եզրակացնել Բելառուսի ղեկավարի Բաքվում հնչեցրած հայտարարություններից, Լուկաշենկոն գիտեր՝ ինչու էր զինում Ադրբեջանին, երեկ ասաց՝ Ալիևն իր հետ կիսվում էր Բաքվի ռազմական պլաններով. - «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»:
Լուկաշենկոն հավաստիացրեց՝ հաշվի առնելով երկու երկրների սերտ հարաբերություններն ու իր և Իլհամ Ալիևի «վաղեմի մտերմությունը»՝ Բաքուն այսուհետ էլ կարող է հենվել Մինսկի վրա։
Վաղեմի ընկերոջ մասին խոսելիս, ի դեպ, Բելառուսի ղեկավարն առանձնահատուկ շռայլություն դրսևորեց՝ Ալիևին հռչակելով ամբողջ Կովկասի առաջնորդ։ Ասաց՝ Ադրբեջանի հզոր առաջնորդին ժամանակն է ընտրել ամբողջ Կովկասյան տարածաշրջանը վերահսկելու համար:
«Դա արդեն ոչ միայն պատասխանատվություն է Ադրբեջանի համար, դուք արդեն ընդհանուր առմամբ պատասխան եք տալիս Կովկասի համար», - հայտարարեց Լուկաշենկոն։