TV Markíza հեռուստակայանի փոխանցմամբ, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա այսօր Հանդլովա ավանում կրակ է արձակել 71-ամյա գրող Յուրայ Չինտուլան՝ Լևիցա քաղաքից:
Նա 4 գնդակ է արձակել Ռոբերտ Ֆիցոյի վրա՝ Հանդլովա ավանի Մշակույթի տան մուտքի մոտ: Դրանից առաջ վարչապետն այդ շենքում նախագահել է կառավարության արտագնա նիստը:
Չինտուլան մի շարք պատմվածքների և «Զոհաբերության պատգամը» վերնագրով վեպի հեղինակ է։ Նա նախկինում աշխատել է թիկնապահական ծառայություն տրամադրող մի մասնավոր ընկերությունում և օրինական կարգով է զենք ունեցել:
Չինտուլայի արարքի դրդապատճառները տակավին հայտնի չեն, սլովակ լրագրողները չեն բացառում, որ նա ատելությունից դրդված է ցանկացել սպանել վարչապետին:
«Ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչ է ծրագրել հայրս, ինչու է դա տեղի ունեցել», - մամուլին ասել է Չինտուլայի որդին:
Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ուներ Չինտուլան վարչապետ Ֆիցոյի նկատմամբ, գրողի որդին ասել է. - «Հայրս նրա ընտրողը չէր»:
Ուղղաթիռով հիվանդանոց փոխադրված Ռոբերտ Ֆիցոն ծանր վիճակում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, վիրահատությունը դեռ շարունակվում է: