Մատչելիության հղումներ

Անհնազանդության ակցիաների աջակիցներ են ձերբակալվել


Անհնազանդության ակցիա Երևանում, մայիս, 2024թ.
Անհնազանդության ակցիա Երևանում, մայիս, 2024թ.

Ձերբակալվածներից 5-ը կասկածվում են ապօրինի զենք կրելու, մեկը՝ խուլիգանության, ևս մեկը՝ ակցիաներին մասնակցելու դիմաց համաքաղաքացիներին 3000 դրամ տալու համար:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած այսօրվա ակցիային ընդառաջ Քննչականը չորս հաղորդագրություն տարածեց ակցիաների մասնակիցների կողմից խուլիգանության, զենք պահելու, ինչպես նաև մարդկանց ակցիաներին փողով տանելու կասկածով հարուցված վարույթների մասին։

Քննչականն արդեն ձերբակալել է վանաձորցի 27-ամյա մի տղամարդու, ով կասկածվում է համաքաղաքացիներին 3000 դրամի դիմաց Ոսկեպարի ու այլ բնակավայրերի հավաքներին տանելու համար։ Իրավապահները նաև ձայնագրություն տարածեցին, ըստ որի՝ մի կին քննիչին պատմում է, որ ոմն Վահե մարդատար ավտոմեքենաներով իրենց տարել է Տավուշի Ոսկեպար, հետո՝ Լոռու մարզի Վահագնաձոր՝ իբր զբոսանքի։ Ըստ այդ կնոջ՝ գնացել ու տեսել են, որ ակցիաներ են. - «Միտինգ էր, ճանապարհները փակված վիճակում էր: Վահեն, ասենք, միշտ հետևողական էր, ասենք, ինքը էդ պահին ինձ հյուրասիրեց... նու, բուլկեք էր, ասենք, նման բաներ, ընթացքում, ասենք, գումարը ինքը «Գազել»-ում բաժանեց»:

Բացի այդ, ըստ Քննչականի, մայիսի 9-ին Երևան հանրահավաքի էին բերվել բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուներ, որոնց դարձյալ 3000-ական դրամ են բաժանել։

«Բերեցին 3000 ամեքիս տվեցին, մարշուտնու մեջ, որ մենք էլ առևտուր անենք: Էդ էսքսկուրսիա էր: Համարյա առավոտն 9-ին գնացել ենք, 11-ն էր՝ էկանք», - պատմում է մի տարեց կին:

Քննչականը նաև մի լուսանկար է հրապարակել, որում դեմքերը փակած մարդիկ պարզել են որպես քրեական հեղինակություն հայտնի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դիմանկարով պաստառը։ Թե ինչ կապ ունի Ասատրյանն այս ամենի հետ, Քննչականը չի մանրամասնում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանն «Ազատության» հետ զրույցում հերքում է Քննչականի հաղորդագրություններում տեղ գտած մեղադրանքները։

«Ի՞նչ փողով մարդու... 100 հազար մարդ ա էկել հրապարակ՝ ինքնաբուխ, սեփական հայրենիքին, սեփական պատվին, արժանապատվությանը տեր կանգնելու համար: Խի հնարավոր չի է՞լի էս երկրում, որ մարդ իրա արժանապատվությանը, իրա հայրենիքին տեր կանգնի՞: Անհեթեթություն ա, էնքան ծիծաղելի ա՝ 3000 դրամով մարդը պտի գա իրա հայրենիքի համար միտինգին մասնակցի՞», - նշեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Առավոտյան Քննչականը նաև հաղորդեց, որ անհնազանդության ակցիաների հինգ աջակցի են ձերբակալել, որոնց կասկածում են ապօրինի զենք կրելու համար: «Ազատազէն» կազմակերպության անդամ Իշխան Գևորգյանին ու մյուսներին բերման են ենթարկել Ջրվեժ-Վարդաշեն ճանապարհից։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ նրանց ոստիկանություն են տարել պարկերի մեջ ավազ լցնելիս:

«Պարկերի մեջ ինչ-որ ավազ էին հավաքում ընդամենը, ենթադրում եմ՝ ինչ-որ մի ձև օգտագործել ճանապարհները փակելու համար, ինչ-որ օրինական նպատակով, բնականաբար, կրկին», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նրանք ձերբակալված են 72 ժամով, այդ ընթացքում իրավապահները կա՛մ պետք է մեղադրանք առաջադրեն, կա՛մ ազատ արձակեն։ Այս տղամարդկանց վերագրվող հոդվածը նախատեսում է ազատազրկում 3-6 տարի ժամկետով։

«Հիմք չկա, բնականաբար, որևէ արգելված իր, կամ պայթուցիկ նյութ, կամ հրազեն, զենք-զինամթերք էլ չկա: Անձնական խուզարկություն է արվել», - նշեց Վարազդատ Հարությունյանը:

Ըստ պաշտոնական կայքի՝ «Ազատազէն»-ի նպատակն է զարգացնել զենք կրելու և կիրառելու մշակույթը, բարելավել ոլորտի օրենսդրությունը, կազմակերպել կրակային պատրաստության դասընթացներ։

Մինչ իրավապահները հայտարարում են, որ գործում են բացառապես օրենքի սահմաններում, ձերբակալվածների փաստաբանները պնդում են՝ փորձում են մեկուսացնել առավել ակտիվ մասնակիցներին։

«Իբր էս անձինք կա՛մ զենք են պահում իրենց մոտ, կա՛մ զենքի շրջանառություն են իրականացնում, և այլն: Սա պատրվակ է, որպեսզի էդ անձանց կարողանան ազատությունից զրկել: Ընդ որում, հատուկ ուզում եմ ընդգծել, որ սա ազատությունից ապօրինի զրկել է, ինչը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք է», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը:

«Ազատազէն»-ի խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն օրեր առաջ միայնակ փակել էր Կիևյան փողոցը մի պարզ եղանակով՝ ինքն իրեն շղթայել էր սյուներից։ Նա դրանով նաև իր բողոքն էր հայտնում, իր խոսքով, զոհված զինվորների մայրերի նկատմամբ իրավապահների գործողությունների դեմ. - «Պետք ա իմանան, որ չի կարելի նեղացնել զինվորի մորը: Մենք մեր երկրում պտի սրբություն ունենանք: Էս ճամփեն էրկու ժամ փակ ա լնելու»:

Քննչականը հաղորդել է նաև խուլիգանություն կասկածով ձերբակալված մի տղամարդու մասին: Նրա անունը չի հրապարակվում:

XS
SM
MD
LG