Մատչելիության հղումներ

Մոսկվան կրկին պնդում է՝ չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը


Ռուսատանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
Ռուսատանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Մոսկվան չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, այսօր NEWS.ru-ին տված հարցազրույցում վերահաստատել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Նա ընդգծել է՝ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման դիրքերից։

«Հենց սրանով է զբաղված 2021-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետերի նախագահությամբ», - ասել է Գալուզինը։

Նա նախ նշել է, թե աշխատանքային խումբը զգալի արդյունքների է հասել, մասնավորապես, 2023-ի հունիսի 12-րդ նիստում փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման շուրջ, սակայն գործընթացը, նրա խոսքով, կանգ է առել «ոչ մեր մեղքով»։

«Արևմտյան երկրների ճնշման ներքո Երևանը որոշեց սառեցնել եռակողմ համագործակցությունը նաև այս ուղղությամբ», - հայտարարել է Գալուզինը՝ ընդգծելով՝ անհրաժեշտ են համարում հնարավորինս շուտ վերսկսել աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հայտարարել, որ Մոսկվան չի կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ «Խոսքը Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երթուղու մասին է», - ասել էր Զախարովան։

Երևանը բազմիցս պնդել է՝ Ադրբեջանի պատկերացրած միջանցքը Երևանի համար կարմիր գիծ է, Հայաստանից տարածքային պահանջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG