Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարը «դասալիքներ» որակեց Ալմա-Աթայի հռչակագրով սահմանազատումը հակաօրինական համարող դիվանագետների խորհրդի անդամներին


«Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց և իրենց դիքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ». Միրզոյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր «դասալիքներ» անվանեց Դիվանագետների խորհրդի անդամներին, ովքեր երեկ Հանրապետության հրապարակում հարթակից հակաօրինական էին որակել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատումը։

«Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատն այն նույն օրերին, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա։ Որևէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց նկատմամբ և իրենց դիքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ, և սա ամենամեղմ գնահատականն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել», - այսօր հայտարարեց արտգործնախարարը։

Թե դասալիքներ ասելով կոնկրետ ում նկատի ուներ, Արարատ Միրզոյանն անուններ չտվեց։

Հռչակագրում կա մեկ շեշտադրում՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու հարցը. նախկին դիվանագետներ

2021-ի մայիսին ադրբեջանական զինուժը ներխուժել էր Սյունիքի և Գեղարքունիքի մարզ։ Հենց այդ իրադարձություններից հետո հրաժարական ներկայացրեց արտգործնախարար Արա Այվազյանն՝ ընդգծելով՝ չի կարող անել քայլեր, որոնք դեմ են Հայաստանի ազգային և պետական շահերին։ Այվազյանը, սակայն, մինչև օրս փակագծեր չի բացել։ Օրեր անց հրաժարական տվեցին նաև նրա երեք տեղակալները՝ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանը, ովքեր այժմ անդամակցում են վերջերս ձևավորված Դիվանագետների խորհրդին։

Այս կազմակերպության անունից ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հարթակից միակողմանի զիջում որակեց Տավուշում իրականացվող հատվածական սահմանազատումը՝ զգուշացնելով. - «Հռչակագիրը չունի որևէ սահմանային նկարագիր, հռչակագրին կցված չեն որևէ քարտեզներ, այնտեղ կա մեկ շեշտադրում՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու հարցը։ Սահմանազատման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի»։

Հակադարձելով այս պնդմանը՝ Արարատ Միրզոյանն այսօր դիվանագետներին դասալիքներ որակելուց բացի, մեկ այլ մեղադրանք էլ ներկայացրեց. - «Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբար, թե ակամա, շարունակում են ականահարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը։ Լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի ուղղակի թելադրանքով»։

Ադոնցը՝ իրենց հրաժարականների մասին

Ավետ Ադոնցը
Ավետ Ադոնցը

Մինչդեռ, պաշտոնաթող փոխարտգործնախարար, Դիվանագետների խորհրդի անդամ Ավետ Ադոնցը պարզունակ է որակում արտգործնախարարի այս մեղադրանքները։

«21 թվականին երբ մենք ներկայացրեցինք մեր հրաժարականը, ոչ Արարատ Միրզոյան կար Արտգործնախարարությունում, ոչ էլ ԱԳՆ շրջակայքում, չգիտեմ՝ ինչով էր ինքը զբաղվում, տեղյակ չի գործընթացներից այն ժամանակվա։ Այսպես հայտարարություն անել դասալքության մասին գնում է շատ ցածրորակ, պոպուլիստական, առանց որևէ հիմքերի դաշտ», - ասաց նա։

Նախկին փոխարտգործնախարարը 3 տարի անց նաև բացահայտում է, թե ինչու Արտգործնախարարության ղեկավար կազմը 2021 -ին հրաժարական տվեց։ Ավետ Ադոնցի խոսքով՝ Հայաստանի համար դժվար այդ ժամանակահատվածում, երբ Արցախը դեռ կար, իրենք վարչապետին էին ներկայացրել Հայաստանն անվտանգային ճգնաժամից դուրս բերելու քայլեր, որոնք, սակայն, կառավարությունը մերժել է. - «Այո չընդունվեց, եղան այլ կարծիքներ, և այստեղ պետք է ասել, որ մենք գտնվեցինք պարկեշտ և ազնիվ և ներկայացրեցինք մեր հրաժարականը»։

Շուրջ չորս տասնյակ պաշտոնաթող դիվանագետներից բաղկացած խորհուրդը, միակողմանի զիջում համարելով Տավուշում սկսված սահմանազատումը, շեշտում է՝ օրինական գործընթացի համար նախ և առաջ անհրաժեշտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական համաձայնություն, որը պետք է վավերացված լինի երկու երկրների խորհրդարանների կողմից։

«Այլևս որևէ կասկած չի հարուցում, որ միակողմանի զիջումների նման քաղաքականությունը տարածվելու է հայ- ադրբեջանական ողջ սահմանով, հանձնելով կենսական նշանակություն ունեցող պաշտանական դիրքերը՝ էլ ավելի է թուլանալու մեր պաշտպանունակությունը, հետևաբար՝ պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտ», - երեկ հանրահավաքին ասաց նա։

Միրզոյանը վերահաստատեց Երևանի դիրքորոշումը Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ

Չնայած հնչող քննադատություններին՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանն այսօր վերահաստատեց՝ Ալմա- Աթայի հռչակագիրը պետք է լինի երկու երկրների փոխադարձաբար միմայնց տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման գործընթացի հիմքը։

ԵԱՀԿ գործող նախագահն ու ՀՀ արտգործնախարարը
ԵԱՀԿ գործող նախագահն ու ՀՀ արտգործնախարարը

Ինչպե՞ս է գնահատում սահմանազատման գործընթացը ԵԱՀԿ գործող նախագահը։ Իեն Բորջը խուսափեց կոնկրետ գնահատականից, ասելով, որ եթե ուզում է լինել կառուցողական, ապա պետք է թողնի, որ կողմերը իրենք գնահատեն այդ գործընթացը։

«Ազատության» հարցին՝ արդյոք Ադրբեջանի արտգործնախարարի հետ օրերս կայացած բանակցություններում հաջողվե՞լ է համաձայնության գալ, որ խաղաղության պայմանագրում նույնպես ներառվի Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը, Արարատ Միրզոյանը կոնկրետ պատասխան չտվեց։

«Մեր վերջին բանակցություններն ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում», - ասաց նա։

Ալմաթիում երկու օր շարունակված բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել էին, որ դեռևս համաձայնության չեն եկել բոլոր հարցերի շուրջ։ Մինչ այդ Արարատ Միրզոյանը հստակ նշել էր, որ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից երկու հիմնական հարցի՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Արդյոք հենց այս հարցերն են շարունակում մնալ բաց՝ կողմերը դեռ չեն հստակեցնում։

XS
SM
MD
LG