Մատչելիության հղումներ

Պուտինը Միշուստինին նշանակեց վարչապետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Միշուստինին ՌԴ կառավարության նախագահ նշանակելու մասին հրամանագիրը, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Պետդումայի պատգամավորներն այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում հաստատել էին Միշուստինի թեկնածությունը ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում։

Միշուստինի թեկնածությունն առաջադրել էր Պուտինը։

Կրեմլի ղեկավարի առաջարկին հավանություն են տվել խորհրդարանական հինգ խմբակցություններից չորսը։ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը ձեռնպահ է քվեարկել։ Պալատի 432 քվեարկող անդամներից 375-ը կողմ են քվեարկել կառավարությունը կրկին Միշուստինին վստահելու հարցին։

ՌԴ կառավարության հրաժարականը օրենքի պահանջ է՝ նախագահական ընտրությունների պարագայում։ Առայժմ հստակ չէ ինչպիսի վերադասավորումներ կլինեն Միշուստինի գլխավորած նախարարների կաբինետում։

Միխայիլ Միշուստինը վարչապետ է նշանակվել 2020 թվականին՝ այդ պաշտոնում փոխարինելով Դմիտրի Մեդվեդևին։ Մինչ այդ նա երկար տարիներ ղեկավարել էր Դաշնային հարկային ծառայությունը։ Միշուստինի վարչապետությունը համարվում է երկրի պատմության ընթացքում ամենածանր շրջաններից մեկը՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, ապա նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմով պայմանավորված։

Հարևան երկրի դեմ արյունալի պատերազմին Միշուստինը հազվադեպ է հրապարակավ անդրադարձել։ Meduza ռուսաստանյան պարբերականը նշում է, որ Ռուսաստանի վարչապետը «մոլեռանդորեն կերպով մտահոգված է իր հեղինակությամբ» և շատ ուշադիր է իր վարկանիշի նկատմամբ։ The Bell-ն իր հերթին նկատում է, որ ի տարբերություն այլ ռուս պաշտոնյաների, Միշուստինը երբեք չի այցելել Ուկրաինայի օկուպացված տարածքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG