Իրավապահները թույլատրել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանին մոտենալ տեղադրված սահմանային սյուների հատված և հնարավորության սահմաններում մոտիկից դիտարկել, թե որ հատվածներում են դրանք տեղադրվել։
Շահինյանն ասաց, որ այս պահի դրությամբ գոհ է սահմանազատման արդյուքններից՝ շեշտելով՝ այն 57 հողակտորները, որոնց շուրջ գյուղացիները մտահոգություն էին հայտնում, այս պահի դրությամբ դրանք հայկական վերահսկողության տակ են։
Վարչական ղեկավարը նաև նշեց, որ 11-րդ սյունն է տեսել, որը Խեյրիմլիի և Կիրանցի սեփական հողերը բաժանող գետի մեջ է տեղադրված։
Շահինյանի տեղեկություններով՝ սառեցվել է գործընթացն այն հատվածներում, որն այսօրվա ասուլիսում վարչապետը ցավոտ կետեր անվանեց։
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Կիրանցի հատվածում ունեն 12 կետ սահմանային, այս պահի դրությամբ 8 կետը որոշված է, սյուները տեղադրված են։
«Ունենք 3 կետ, որոնք առավել զգայուն են և այդ երեք առավել զգայուն կետերի վերաբերյալ ավելի մանրամասն աշխատանք կկատարվի, որովհետև այս կետերում արդեն սանտիմետրերը նշանակություն ունեն և սանտիմետրերով պետք է ճշգրիտ արտահայտենք։ Մի քիչ շատ պետք է չարչարվենք, բայց ինչպես ասել ենք՝ էն պրոբլեմը, որ բարձրացնում են Կիրանցի բնակիչները, էդ պրոբլեմը բարձրացնելու պահից դա պետք է դադարի լինել իրենց պրոբլեմը, դա պետք է լինի ՀՀ կառավարության պրոբլեմը, անձամբ իմ պրոբլեմը», - ասաց գործադիրի ղեկավարը՝ նշելով, որ խնդիրը կլուծեն այնպես, որ գյուղացիները դա բավարար համարեն։
Վարչական ղեկավարի ու գյուղացիների պնդմամբ, այդ ցավոտ կետերը գյուղի կամրջի, դպրոցի ու մասնավոր տների հատվածում են։