«Դու»-ով, ոչ հարգալից տոնով էր երեկ ոստիկանը խոսում լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ, ով իրավապահների երևանյան բարերից մեկում բռնության մասին էր ահազանգել։ Այս պատմությունից հետո լրագրողը եզրակացրեց՝ անիմաստ էր ոստիկանների օգնությանն ապավինելը։
Մինչ Քննչական կոմիտեն քննում է՝ բռնության ահազանգով գործ հարուցել-չհարուցելու հարցը, Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննություն է անցկացնում՝ գնահատելու ոստիկանների երեկվա վարքագիծը։ Ժիրայր Ոսկանյանը պնդում է՝ դեպքի վայր եկած ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել՝ իրեն պաշտպանելու համար։
«1in.am»-ի լրագրողը երեկ ահազանգել էր, որ բարում իրեն մոտեցել էին ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու մի քանի տղամարդ, անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել, հետո հարվածներ հասցրել։ Բադալյանն արդեն հերքել է բռնության մասին պնդումներն ու պատրաստակամություն է հայտնել աջակցել իրավապահներին՝ պարզելու եղելությունը։
Առաջին ահազանգով ժամանած ոստիկաններից դժգոհ, Ոսկանյանը երկրորդ անգամ էր զանգել, բայց՝ ապարդյուն։ Եվ արդեն ուղիղ եթերում երկրորդ ահազանգով ժամանած ոստիկանին փորձում էր եղելությունը պատմել։ Ոստիկանը պարբերաբար ընդմիջում էր լրագրողին, պահանջում մատնացույց անել իրեն հարվածողներին։ Լրագրողին նաև առաջարկեցին գնալ բաժին, բայց Ոսկանյանը պնդում էր, որ իրեն հարվածողներին էլ տանեն։
Ի վերջո, ոստիկանները հեռացան միայնակ՝ իրենց հետ չտանելով մարդկանց, որոնք ըստ լրագրողի, հարվածել էին իրեն։
Ինչո՞ւ ոստիկանը չի կատարում իր գործը
Իր պասիվության կամ ագրեսիվության համար վերջին շրջանում ոստիկանությունը հաճախ է հայտնվում հանրության քննադատության թիրախում նաև նրանց կողմից, որոնք մասնակցել էին ոստիկանական բարեփոխումների մշակմանը։ Նրանցից իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանն ասում է՝ Ժիրայր Ոսկանյանի դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ չկա պրոֆեսիոնալիզմ։ Ոստիկանն, ըստ կանոնակարգի, պետք է ներկայանար, հարգալից լիներ, այնինչ հակառակ պատկերն էր։
«Մեծ հաշվով երևում է, որ ոստիկանը ավելի շատ ինչ-որ գեղի բազարի մակարդակի խոսակցություն է տանում քաղաքացու հետ ակնհայտ անհարգալից խոսելով, ակնհայտ չտիրապետելով օրենսդրությանը, ակնհայտ չտիրապետելով կանոնակարգերին, որոնցով ինքը պետք է առաջնորդվի, բայց ես չեմ ուզում սա ֆիքսենք մի ոստիկանի վրա, որովհետև իր փոխարեն գար ուրիշ ոստիկան մեծ հաշվով նույն ձև էր լինելու», - նշեց Իոաննիսյանը:
Ինչո՞ւ ոստիկանը չի կատարում իր գործը՝ իրավապաշտպանը մի շարք պատճառներ է բերում. - «Ակնհայտ է ոստիկանության պրոֆեսիոնալիզմի բացակայությունը իրավակարգավորումներին չտիրապետելը, ակնհայտ է ոստիկանների շրջանում կոմունիկացիոն կարողությունների շատ ցածր մակարդակը, ավանդույթները կամ վերադասի նույնիսկ բանավոր ասածը երբեմն իրենց համար ավելի բարձր ուժ ունի, քան Հայաստանում գործող իրավակարգավորումները: Որոշ չափով էլ կոռուպցիոն դրսևորումները»:
Իոաննիսյանը հիշեցնում է մոտ մեկ ամիս առաջ իշխանական պատգամավորի ու ընդդիմադիր հայացքներով քաղաքացու միջադեպը։ Հակոբ Ասլանյանին վիրավորած ու դրանից հետո ոստիկանություն տարված Սամվել Վարդանյանի փաստաբաններն ահազանգել էին իրենց պաշտպանյալի նկատմամբ բռնության մասին, որը տեղի էր ունեցել ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին։ Պաշտպանների պատմելով, ձերբակալվածին մենակ թողնելով ոստիկանները հեռացել էին մեքենայի մոտից՝ իրենց բնական կարիքները հոգալու համար ու հենց այդ ժամանակ էլ երիտասարդի վրա էին հարձակվել դիմակավորված մարդիկ։ Այս դեպքում ծառայողական քննության արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ։
Ներքին գործերի նախարարությունից այս քննադատությանն ի պատասխան պարբերաբար հայտնում են, որ բարեփոխումները ընթացքի մեջ են։ Նախարարության տվյալներով, 2022 և 2023 թվականներին բռնությունների և խոշտանգումների համար 10 ոստիկանի է մեղադրանք առաջադրվել, կասեցվել է 4 ծառայողների պաշտոնավարումը։ 10 մեղադրյալ ոստիկաններից 3-ը ավագ, 5-ը միջին, 2-ը կրտսեր խմբի ծառայողներ են։