Մատչելիության հղումներ

Բաքուն ամերիկյան լոբբիստների օգնությամբ փորձում է միլիոնավոր դոլարներ ստանալ Բայդենի վարչակազմից. Politico


Ալիևի վարչակազմը ամերիկյան լոբբիստական ընկերության միջոցով փորձում է Միացյալ Նահանգներից միլիոնավոր դոլարի օգնություն ստանալ, գրում Politico պարբերականն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունները K Street ընկերության օգնությանն են դիմել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ անորոշության ֆոնին։

Ամերիկյան թերթը հիշեցնում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը սրվել է սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց և լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 հազար հայեր՝ ցեղասպանության ենթարկվելու մտավախությունից դրդված լքեցին իրենց տները

«[ԱՄՆ ] օրենսդիրներն ի պատասխան փորձեցին արգելափակել 2025-ի ֆինանսական տարում Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ արտաքին օգնությունը։ Լոբբիստական ջանքերի մի մասն ուղղված է Ներկայացուցիչների տանը այդ միջոցառման առաջխաղացումը կանխելուն», - գրում է Politico-ն։

Նոյեմբերին ԱՄՆ սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծը։ Առաջարկը ներկայացրել էր Սենատոր Գարի Փիթերսը, որը հայտարարել էր՝ իր նախաձեռնության նպատակն է «պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին»: Այժմ առաջարկը Ներկայացուցիչների պալատում է և Ալիևի վարչակազմին օգնող լոբբիստները կոչ են անում որոշում կայացնողներին հրաժարվել Բաքվի դեմ քայլերից։

Politico-ի տեղեկություններով՝ լոբբիզմով և քաղաքական խորհրդատվական գործունեությամբ հայտնի Friedlander Group-ն էլ ԱՄՆ–ի Արդարադատության նախարարությանն է փորձում համոզել, գերատեսչությանը հղած նամակում՝ պնդելով, թե «այդ օրինագիծը վնասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»։

Այդ ընկերությունն, ըստ թերթի, նամակում նաև գրել է, թե ամերիկացի օրենսդիրները օրենքի նախագծում Ադրբեջանի դեմ կեղծ մեղադրանքներ են ներկայացրել՝ «նպատակ ունենալով Միացյալ Նահանգները դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանք սերմանող»։ Friedlander Group-ը նաև դժգոհել է, թե ամերիկացի սենատորները նախագծում չեն հիշատակել, այն, որ «Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար առանցքային դաշնակից է», փոխանցում է Politico-ն։

Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ Բաքուն Վաշինգտոնում իր շահերն առաջ մղելու դիմաց՝ Friedlander Group-ին վճարել է ավելի քան 800 հազար դոլար․ ընդ որում՝ ֆինանսական փոխանցումներն այդ կազմակերպությանը իրականացվել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ամենածանր ամիսներին՝ մարտից մինչև սեպտեմբեր՝ արևմտյան մայրաքաղաքներից Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունների ֆոնին։

Politico-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ Ալիևի կառավարությունից շռայլ վարձատրություն է ստացել նաև մեկ այլ ամերիկյան լոբբիստական ընկերություն՝ BGR Group-ը, որը մասնավորապես ձգտում էր հասնել նավթով հարուստ Ադրբեջանին Միացյալ Նահանգների պետբյուջեից 15 մլն դոլարի հատկացման՝ սա էլ «ականազերծման համար»։

GR Group-ը նահանգներում որոշում կայացնողների վրա ազդելու համար յուրօրինակ փաստարկներ է բերել՝ «Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է»։ Եվ թեև Ադրբեջանը նաև Ռուսաստանի մերձավոր և ռազմավարական դաշնակիցն է, Բաքվի վարձած լոբբիստները ամերիկացի պաշտոնյաներին պատմել են Ուկրաինա ուղարկված ադրբեջանական հումանիտար օգնության մասին, և, բնականաբար, շեշտել այն փաստը, որ Ադրբեջանն օգնում է Եվրամիությանը նվազեցնել ռուսական գազից կախվածությունը։ Այդ ծառայությունների համար Ալիևի վարչակազմը BGR Group ընկերությանը 240 հազար դոլար է փոխանցել, գրում է Politico-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG