Մատչելիության հղումներ

ԱԺ-ում էր գլխավոր դատախազը. իշխանական և ընդդիմադիր պատգամավորները խիստ քննադատեցին նրան


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր պատգամավորների հետ մոտ չորս ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում այդպես էլ չասաց՝ Տավուշի հատվածում սահմանազատման գործընթացն իրավական տեսանկյունից խնդրահարույց համարո՞ւմ է, թե՞ ոչ:

Ի՞նչ անելիք ունի Վարդապետյանի ղեկավարած կառույցն այս դեպքում, երբ առանց հանրաքվեի Հայաստանից տարածքներ են փոխանցվում այլ պետության, հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը, չկա՞ արդյոք նախականխիչ քայլերի անհրաժեշտություն:

«Փոխարենը գնալ, մարդկանց ձերբակալել և բերել լցնել ՁՊՎ-ն կամ քրեակատարողական հիմնարկներ, առնվազն անհրաժեշտ է քրեաիրավական տեսակետից որոշակի բացատրություններ ներկայացնել», - ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Վարդապետյանը բավարարվեց մայր օրենքին հղում անելով, թե իրենց լիազորությունն է հսկողություն իրականացնել մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ. - «Մենք մինչդատական վարույթում վարույթի շրջանակում ենք կոնկրետ հարցերի անդրադառնում, և բոլոր այն պարզաբանումներն ու մեկնաբանությունները, որ Դուք ակնկալում եք Դատախազություն, մենք տրամադրել չենք կարող»։

Սահմանադրության նույն հոդվածը մեջբերելով՝ ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց՝ դատախազն ինքը կարող է քրեական հետապնդում հարուցել, և այս իրավիճակում հենց դա է ակնկալվում իրավապահ կառույցից: Այդպես, ըստ Մինասյանի, կկանխվի Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրների խորացումը:


Պատգամավորի գնահատմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած սահմանազատման հանձնաժողովը խորհրդակցական մարմին է և սահմանների փոփոխության վերաբերյալ անգամ առաջարկ ներկայացնելու լիազորություն չունի: Արծվիկ Մինասյանը համարում է, որ խախտված է նաև սահմանների անձեռնմխելիությունն ապահավելու զինված ուժերի վրա դրված լիազորությունը: Իրականացնել ականազերծում առանց պատշաճ իրավական հիմքերի, պատգամավորի խոսքով, անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է, որն էլ գլխավոր դատախազությունը պետք է կանխի:

«Այն, ինչ այսօր կատարվում է Տավուշի մարզում, ուղղակի առանձնապես ծանր հանցագործություն է, և որի պատասխանատվությունն այսօր դրված է ներկա քաղաքական իշխանության և նաև նրան աջակցող, ապահովող, նրանց ապօրինությունները սպասարկող իրավապահ համակարգի վրա», - վստահ է Մինասյանը:

Պատգամավորի մտահոգությունները դատախազը շրջանցեց նաև եզրափակիչ ելույթում, ասաց՝ քաղաքական խոսույթի չի մասնակցում և մասնակցեց. - «Տեքստը, որը հնչեց պարոն Մինասյանի կողմից, ինձ անծանոթ տեքստ չէ, տարբեր դատական նիստերի ընթացքում տարբեր մեղադրյալներ գրեթե նույն տեքստով հանդես են գալիս։ Ես մոտավոր պատկերացում ունեմ քննարկման շրջանակի մասին, բայց տարօրինակ է, որ հենց դատապարտման ժամանակ են նման տեքստով այդ անձինք հանդես գալիս»։

Դատախազությունը ՔԿ է ուղարկել վարչապետին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը



Աննա Վարդապետյանը տեղեկություն էլ ուներ:

Ոչ այս, ոչ էլ դատախազի մյուս հայտարարությունները ընդդիմությանը չեն ոգևորում:

Դատախազությունը արդունավետ աշխատում է այնքան, որքան քաղաքական իշխանության և անձամբ վարչապետ Փաշինյանի ցանկությունն է, հայտարարեց Արծվիկ Միասյանը, որին այդպես էլ չհաջողվեց պարզել, թե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ քրեական գործերն ինչ փուլում են, կան հայտարարված միջազգային հետախուզումներ:

ՔՊ-ական Արսեն Թորոսյանը խիստ քննադատեց գլխավոր դատախազին

Աննա Վարդապետյանը խորհրդարանում դատախազության 2023 թվակաին հաղորդումն էր ներկայացնում: Եվ մինչ դատախազը հաջողություններն էր մատնանշում, պատգամավորները, այդ թվում՝ իշխանական, դժգոհում էին՝ Հայաստանում կալանքը շարունակում է կիրառվել կամայական կերպով:

ՔՊ-ական Արսեն Թորոսյանն անգամ վիճակագրություն էր իր հետ բերել:

Իշխանական պատգամավորը տպավորություն ունի՝ թե ձերբակալությունը, թե կալանքը կիրառվում են մարդկանց պատժելու, նաև ցուցմունք կորզելու համար:

«Մեղադրանքը ներկայացվում է, հետո մարդուն կանչում են, ասում՝ դե խոստովանի, որ դու ես արդել այդ մեղադրանքը, չխոստովանես, քեզ կձերբակալենք, եթե ձերբակալելուց հետո էլ չխոստովանես, քեզ կտանենք կալանավորման», - ասաց նա։

«Եթե մենք մեր մեղադրանքը կառուցենք ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա, վստահեցնում եմ՝ այդ մեղադրանքը դատարանում չի ապրելու», - արձագանքեց դատախազը։

Արսեն Թորոսյանը, որը շինծու է համարում Առողջապահության նախարարությունում իր ղեկավարման շրջանին առնչվող քովիդի քրեական գործը, այսօր նաև դժգոհեց՝ իրավապահներին առնչվող հրապարկումները դատախազությունը նույն հետևողականությամբ չի քննում: Որպես օրինակ նշեց ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ահազանգը, թե իրեն Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խոշտանգել է հենց Քննչական կոմիտեում:

«Ես ուզում եմ հասկանալ՝ ի վերջո բոլո՞րն են հավասար օրենքի առաջ, թե՞ որոշ մարդիկ ավելի հավասար են», - հարցրեց Թորոսյանը։


Օրենքի առաջ հավասարության, նաև կալանքի կիրառման հարցը հուզում էր նաև ընդդիմադիրներին: Նրանք էլ հիշեցրին՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի և մի շարք այլ գործիչների նկատմամբ ազատազրկումները: Վարդապետյանը նույնաբովանդակ պատասխան տվեց՝ իր ղեկավարած կառույցը գործում է անկաշկանդ, իր լիազորությունների շրջանակում: Լրագրողների հարցերին Աննա Վարդապետյանը հրաժարվեց պատասխանել, խոստացավ դա անել լիագումար նիստում հաղորդումը ներկայացնելուց հետո:

XS
SM
MD
LG