Մատչելիության հղումներ

«3 օր էդ մի կետի վրա էինք». 80-ականների սահմանազատումը՝ մասնակցի աչքով


Սերգեյ Հարությունյանը
Սերգեյ Հարությունյանը

Հայերի ու ադրբեջանցիների միջև 80-ականներին ովքե՞ր են սահման գծել, ո՞վ կա. Հայաստանի ագրարային համալսարանի դասախոս, 84-ամյա Սերգեյ Հարությունյանն ասում է՝ ինքն այսօր միակ ականատեսն է, որ կարող է պատմել, թե ինչպես են սահմանազատում արել հայ- ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Սրա արդյունքում 1988 թվականի հունվարին ստորագրվեց այս սահմանի մասին վերջին իրավական ակտը՝ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման մասին արձանագրությունը։

Սահմանների ճշգրտման այս գործընթացում հայկական կողմը վերադարձրեց 14 հազար 450 հեկտար հող, շուրջ 3 հազարը՝ Նոյեմբերյանի հատվածից։ Սերգեյ Հարությունյանը հիշում է՝ երեք խմբով էին՝ հայ մասնագետները՝ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ, նրա պաշտոնակիցն Ադրբեջանում՝ Ռասիզադեն իր խմբի հետ և մի քանի ռուս մասնագետներ։ Շուրջ 4 տարի է տևել այս աշխատանքը։

«Ռուսները հիմնականում մեզ հետ էին, մենք հիմնականում մնում էինք Իջևանի հյուրանոցում։ Ջեմմա Անանյանը լավ համար էր տվել», - հիշում է նա։

Սերգեյ Հարությունյանն ի պաշտոնե էր խմբում ներառվել՝ գյուղնախարարության հողաշինարարության վարչության պետն էր։ Հիշում է՝ 40-ականների քարտեզով էին տեղանքն ուսումնասիրում, կոորդինատները հաշվում, հողի տակից գտնում սահմանի գիծը հաստատող ածուխն ու անցնում վերջին փուլին՝ սյան տեղադրմանը. - «60 սմ հողի մեջ էինք թաղում, 20 թմ փոս էինք անում ջրի համար, 40 սմ էլ վերևն էր, վրան գերբն էր, մեր գերբը, դնում էին հաջորդ ստոլբի ուղղությամբ»։


Սահմանասյուները թվեր չունեին, միայն չուգունից գերբ էր։ Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ տևական պրոցես էր. - «Օրերով մի կետ էինք դնում։ Օրինակ՝ Նոյեմբերյանում մի գոմ կար, իրենց գոմն էր, կետը բերեցինք, դրեցինք գոմի կեսի վրա, 3 օր էդ մի կետի վրա էինք։ Գոմը չքանդվեց»։

Սահմանազատման ընթացքում որևէ կոնֆլիկտ Հարությունյանը չի հիշում, բացի այն դեպքից, որ մինչև այս գործընթացը սկսելն էր եղել ու նաև հիմք դարձել, որ սահմանների ճշտում արվի։ 84-ին Դովեղ - Քյամառլու տարածքային վեճը հօգուտ իրենց լուծելու համար ադրբեջանցիները առևանգել էին Վլադիմիր Մովսիսյանին, մի քանի հայ պաշտոնյաների, Հարությունյանն էլ նրանց հետ։ Հայերը վերադարձան առանց որևէ ստորագրություն թողնելու։ Սա միակ լարումն է եղել։ Ըստ Հարությունյանի՝ հետագայում բախում չկար. - «Մեր ժամանակ քաղաքական չէր, էդ գործը պիտի մասնագիտական լինի, ոչ թե քաղաքական։ Մասնագետը մասնագետի հետ շատ լավ տեղն էլ է գտնում, լեզու էլ է գտնում»։

Կարևոր էր նաև այն, որ պետական սահմանի ճշտում չէր անվանվում այդ գործընթացը, այլ նույն՝ սովետի կազմում գտնվող երկու հանրապետությունների հողօգտագործողների միջև սահմանի ճշտում։ Սերգեյ Հարությունյանը հիշում է՝ ավելի երկար է տևել Նոյեմբերյանի և Նախիջևանի սահմանի աշխատանքը։ Ադրբեջանցիներն, ասում է, այդ ժամանակ տնավորվել էին օրինակ՝ Ոսկեպարի հայկական եկեղեցու կողքին, հեռացան Մովսիսյանի ջանքով։

Ադրբեջանցիները ոչ միայն եկեղեցու, բազմաթիվ այլ հայկական տարածքներում էլ էին հաստատվել, Հարությունյանը կասկած չունի, տեղական հայ պաշտոնյաների աջակցությամբ։
Այդ ժամանակ, ասում է, վիճահարույց հարցերը լուծում էին փոխանակումներով, փաստաթղթում էլ է շարադրված՝ որպեսզի հողօգտագործողների համար անհարմարություններ չստեղծվեն, Բաղանիսն ու Ոսկեպարը, օրինակ, Ղազախի Ասկիպարա գյուղի հետ փոխանակվել են որոշակի հեկտարներով, Կուբաթլուն ու Գորիսի Շուռնուխը՝ նույնպես, Խաչիկն ու Սադարակը։


«Բոլոր դեպքերում փոխանակումը ճիշտ է, փոխանակման ժամանակ, եթե ճիշտ են անում, ոչ ոք չի տուժում, և աշխատում են՝ փոխանակում լինի, որպեսզի գլխացավանքից հեռու մնան», - նշում է նա։

Այսօր տեղի ունեցող սահմանազատման գործընթացին Սերգեյ Հարությունյանը չի հետևում։ Մի հորդոր ունի՝ թույլ տվեք՝ մասնագետները տեղում աշխատեն՝ ադրբեջանցի ու հայ քարտեզագիրը, գեոդեզիստը կհասկանան իրար։ Այսպես է ասում, բայց և հիշում մի դեպք, երբ մասնագետները լեզու չգտան, քաղաքական լուծում չգտնվեց, սահմանազատումն այդ ժամանակ կանգ առավ։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG