Գազայի հատվածում իսրայելյան հարվածներից զոհվել է առնվազն 34 հազար 305 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 77 հազար 290-ը: Այդ մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, որը ենթարկվում է ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց համարվող «Համաս»-ին:
Իրավիճակը սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելի հարձակվել են խաղաղ հրեական բնակավայրների վրա: Այդ հարձակումների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, կան հազարավոր վիրավորներ և հարյուրավոր պատանդներ:
Երեկ Իսրայելի մամուլը հայտնել է, թե վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հաստատել է Ռաֆահ ներխուժելու ծրագիրը, սակայն դրա մեկնարկի ժամկետը դեռ հայտնի չէ:
Գազայի հատվածի հարավում՝ Եգիպտոսի սահմանից ոչ հեռու գտնվող Ռաֆահում ապաստանել են հարյուր հազարավոր պաղեստինցի փախստականներ:
Նեթանյահուն ասել է, որ բանակը պետք է ամբողջությամբ ոչնչացնի «Համաս»-ի կառույցները: Մեծ թվով երկրներ անհամաչափ են որակում Իսրայելի պատասխան գրոհները և պահանջում են դադարեցնել դրանք: