Մատչելիության հղումներ

Երևանը դեռ չի արձագանքում Ղազախստանում Միրզոյան - Բայրամով հանդիպման առաջարկին


Գերմանիա - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բեռլինում, 28-ը փետրվարի, 2024թ.
Գերմանիա - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բեռլինում, 28-ը փետրվարի, 2024թ.

Պաշտոնական Երևանը երրորդ օրն է՝ հրապարակային չի արձագանքում Բաքվի՝ Ղազախստանում արտաքին գործերի նախարարների բանակցություններ անցկացնելու առաջարկին: Իլհամ Ալիևն ասել էր՝ ադրբեջանական կողմը համաձայն է: Մինչ Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի շտապում արձագանքել, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորն «Ազատությանը» փոխանցեց՝ որոշում դեռ չկա, քննարկումներն ընթանում են։

«Երբ որ որոշումը հրապարակվի, արտգործնախարարը կտեղեկացնի դրա մասին, բայց մենք մշտապես կարևորել ենք բանակցությունների շարունակականությունը, որպեսզի այն խրթին և կոշտ հարցերը լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ: Եվ կարծում եմ, որ բանակցությունների շարունակականությունը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից», - ասաց Լիլի Մինասյանը:

Աստանայում Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին բարձրաձայնած Ալիևը նաև պարզաբանել էր՝ սա ոչ թե միջնորդություն է, այլ՝ բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամություն։

Ի դեպ, ուղիղ տասն օր առաջ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահը Երևանում անձամբ էր հայտարարել, որ պատրաստ են կողմերին հարթակ տրամադրել բանակցությունների համար:

«Մենք պայմանավորվեցինք հետայսու նույնպես ակտիվորեն համատեղ աշխատել, ակտիվորեն մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին և կայունության կառուցմանը: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը՝ կնքել խաղաղության համաձայնագիր», - ասել էր Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Մոտ երկու տարի խաղաղության պայմանագրի շուրջ արևմտյան միջնորդությամբ բանակցություններից հետո Բաքուն վերջին կես տարում մերժում է միջնորդներին, խոսում է ուղիղ բանակցություններից: Նախօրեին էլ Ալիևը, օրինակ բերելով սահմանազատման գործընթացը, նշել էր՝ երբ Երևանն ու Բաքուն առանձին են շփվում, վաղ թե ուշ կարողանում են համաձայնության գալ։ Արդյոք նույն դիրքորոշումն ունեն նաև հայաստանցի պաշտոնյաները:

«Մեզ համար բանակցությունների ընթացքում ավելի շատ կարևորություն է ստանում բովանդակային հարցը, քան՝ ձևաչափը: Եվ եթե տեղի են ունենում բանակցություններ, որը ունի արդյունք, և առանց կրակոցի կարողանում ենք որոշումներ կայացնել, դա իշխանության տեսակետից շատ ավելի կարևորություն ունի, քան տեղը և հարթակը, որտեղ կլինեն միջնորդներ կամ չեն լինի միջնորդներ», - ընդգծեց Լիլի Մինասյանը:

Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը մոտ կես տարվա դադարից հետո խաղաղության բանակցությունները վերսկսեցին մոտ երկու ամիս առաջ Գերմանիայում: Բեռլինում երկու օր տևած այդ քննարկումներից հետո, սակայն, Երևանն ու Բաքուն այդպես էլ շոշափելի առաջընթացի մասին չհայտարարեցին:

Իսկ մոտ 20 օր առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել էր՝ որոշ դեպքերում թեև առաջընթաց կա, բայց հիմնական երկու հարցի շուրջ տարաձայնությունները պահպանվում են: Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատմանը, իսկ երկրորդը՝ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Նույն օրն արտգործնախարարն ասել էր, որ Բաքուն ընդդիմանում է Ալմաթիի հռչակագրով սահմանազատմանը:

«Երբ մենք փորձում ենք այս պայմանավորվածությունը արտացոլել, այս պայմանավորվածությանը հղում անել, Ալմա-Աթայի հռչակագրին հղում անել՝ տարածքային ամբողջության ճանաչման կոնտեքստում և սահմանազատման կոնտեքստում, հղում անել պայմանագրի նախագծում, մենք տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը», - հայտարարել էր Միրզոյանը:

Նախարար Միրզոյանի այս հայտարարությունից երկու շաբաթ անց Երևանի և Բաքվի սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, թե կա համաձայնություն Ալմաթիի հռչակագիրն ընդունել որպես սահմանազատման հիմք և առաջնորդվել դրանով նաև հետագայում: Սա արդյոք նշանակում է, որ շոշափելի առաջընթաց կլինի նաև խաղաղության բանակցություններում, որի առանցքային կետերից մեկը հենց Ալմաթիի հռակագրի շուրջ համաձայնությունն է:

Իշխանական պատգամավոր Լիլի Մինասյանը նշում է՝ սահմանազատման գործընթացը տարանջատվում է խաղաղության պայմանագրից, միևնույն ժամանակ հավելում՝ այդ հարցի պատասխանը կլինի բանակցություններից հետո:

«Այս պահի դրությամբ դեռևս բանակցությունները ընթանում են, և կարծում եմ՝ քանի դեռ բարիդրացիական մթնոլորտում է այդ բանակցությունների ընթացքը, և հնարավոր է լինում գալ համաձայնությունների որոշակի հարցերի շուրջ, մենք կարող ենք ստանալ վերջապես խաղաղության պայմանագիր, որտեղ ամրագրված են բոլոր այն դրույթները, որը մատնանշել ենք ժամանակին», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Վերջին բանակցություններից հետո Երևանը հայտնել էր, որ Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի 8-րդ խմբագրումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG