Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ձերբակալություններ ՊՆ-ին առնչվող՝ կաշառակերության աղմկահարույց գործով


ՌԴ պաշտպանության նախարար Թիմուր Իվանովը Մոսկվայի դատարանում, 24-ը ապրիլի, 2024թ.
ՌԴ պաշտպանության նախարար Թիմուր Իվանովը Մոսկվայի դատարանում, 24-ը ապրիլի, 2024թ.

Ռուսաստանում երրորդ մարդն է ձերբակալվել Պաշտպանության նախարարությանն առնչվող՝ առանձնապես խոշոր չափերի կաշառակերության գործով, որով ավելի վաղ ձերբակալվել էր պաշտպանության փոխնախարար, Սերգեյ Շոյգուի մերձավոր Թիմուր Իվանովը։

Սա վերջին տարիներին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ կապված ամենաաղմկահարույց գործն է, որին նախարարն անձամբ դեռ չի արձագանքել։

Քննությունը պնդում է, թե մոտ տասը տարի ռուսական բանակի շինարարության ու գույքի համար պատասխանատու Իվանովը երաշխավորել է, որ իր մերձավոր գործարարները շահավետ պատվերներ ստանան բանակից, ինչի դիմաց նրանք փոխնախարարի համար տուն են կառուցել ու թանկարժեք գնումներ արել։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ կոռուպցիոն այս սխեման գործել է վերջին հինգ տարիներին, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ:

Ամիսներ առաջ գաղութում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թիմը դեռ 2022 թվականին հետաքննություն էր հրապարակել բարձրաստիճան պաշտոնյայի կուտակած հարստության մասին՝ ցույց տալով, թե ինչպես է պետական աշխատավարձով ապրող Իվանովն ընտանիքի հետ ամառային արձակուրդներն անցկացնում ֆրանսիական Ռիվիերայում և թանկարժեք խնջույքներ կազմակերպում։ Չնայած հրապարակված փաստերին՝ իրավապահներն այն ժամանակ գործ չէին հարուցել։

Հիմա էլ, ըստ մի շարք անկախ լրատվամիջոցների, Իվանովի դեմ գործն իրականում շատ քիչ կապ ունի ռուսական բանակում համատարած կոռուպցիայի հետ։ "Важные истории"-ն, մասնավորապես, վկայակոչելով հատուկ ծառայություններին մոտ կանգնած երկու աղբյուր, գրում է, թե Իվանովն իրականում ճաղերի ետևում է պետական դավաճանության պատճառով։ «Կաշառակերությունը զուտ շղարշի համար է, իրականում նրանք չեն ուզում բարձրաձայն խոսել պետական դավաճանության մասին, քանի որ խոսքը վերջիվերջո վերաբերում է պաշտպանության փոխնախարարին», - ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ Վերջինս նաև պատմել է, որ Պուտինը տեղյակ է մանրամասներին և համաձայնություն է տվել Իվանովի ձերբակալությանը, քանի որ նրան բավարար փաստեր են ներկայացվել։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այդուհանդերձ, այսօր հրաժարվել է խոսել դավաճանության մասին: «Հիմա շատ խոսակցություններ կան, պետք է հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա։ Ցանկացած նման խոսակցություն ընդամենը շահարկում է: Այսօր հետաքննություն է ընթանում», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Այս պահին հստակ է միայն, որ Իվանովին ձերբակալել են ցուցադրաբար, աշխատանքային օրվա ավարտին՝ հենց աշխատասենյակից, և զինվորական համազգեստով էլ ուղեկցել դատարան։

Գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն իր տեղակալի ձերբակալությունն ու առաջադրված մեղադրանքը դեռ չի մեկնաբանել։

Մի շարք լրատվամիջոցներ էլ այս գործը դիտարկում են Ռուսաստանի կառավարությունում սպասվող փոխատեղումների տեսանկյունից։

Ակնկալվում է, որ մի քանի շաբաթից արդեն՝ մայիսի 7-ին նախատեսված երդմնակալությունից հետո, Վլադիմիր Պուտինը նոր կաբինետ կձևավորի։ Bloomberg-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, գրում է, թե Շոյգուի մերձավորագույն աջակիցներից մեկի կալանավորումը թուլացնում է նրա դերը այս կարևոր պահին։ Ըստ այդ աղբյուրի, ՌԴ նախագահը պաշտպանության նախարարին պաշտոնանկ անել դեռ չի պատրաստվում, միաժամանակ, այս քայլերով նախազգուշացնում և պահանջում է բարձրացնել բանակի արդյունավետությունը՝ Ուկրաինայում սպասվող ռազմական ակտիվացման ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG