Մատչելիության հղումներ

Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև


Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, ապրիլի 23-ին Բաքվում՝ միջազգային համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով՝ խոսքը ոչ թե միջնորդության, այլ զուտ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է։

Ալիևի ելույթի տեքստն ամբողջությամբ այսօր է հրապարակվել։

Վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող աշխատանքները՝ Ալիևը նշել է՝ երբ Երևանն ու Բաքուն մենակ են շփվում, և ոչ ոք չի ցանկանում իրավիճակն օգտագործել իր քաղաքական նպատակների համար, վաղ թե ուշ կարողանում են համաձայնության գալ։

«Մենք հիմա սպասում ենք հայկական կողմի պատասխանին», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։

Երևանը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։

«Այո՛, «Զանգեզուրի միջանցք» բառը չի նշվել

Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, Ալիևը նշել է, թե այն հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակի Ադրբեջանի նախագահը խոստովանել է․ - «Այո՛, «Զանգեզուրի միջանցք» բառը չի նշվել, բայց ասվել է, որ տրանսպորտային կապ կապահովվի Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, որի վերահսկողությունն էլ պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։ Սա ստորագրել են նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Արդեն երեք տարուց ավելի է Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը։ Սա շատ հիասթափեցնող է»։

Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցք»-ը հայկական կողմի համար կարմիր գիծ է։ Պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

Մոսկվան ևս չի կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ նշելով, որ խոսքը երթուղու մասին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG