Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պատրաստվում է պաշտոնական բացատրություններ պահանջել Հայաստանի Ազգային ժողովից՝ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ։
Նախօրեին, ելույթ ունենալով ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների համաժողովի ընթացքում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ՝ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Կիպրոսի տարածքային ամբողջականությունը»։
Բացի այդ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բնորոշել էր որպես «ներխուժում»։
«Ցանկանում եմ հարց ուղղել Հայաստանի խորհրդարանը ղեկավարող իմ գործընկերոջն՝ ո՞ւմ անունից է նա նմանատիպ սյուժեներ բարձրաձայնել։ Հաստատ ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամական կապեր ունի», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Մատվիենկոն՝ հավելելով, - «Նման հակառուսական ելույթները մենք անուշադրության մատնել չենք կարող։ Ես գրավոր նամակ կուղարկեի Հայաստանի խորհրդարան՝ փորձելով պարզել թե ո՞ւմ անունից էր ելույթ ունենում Սիմոնյանը և արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը կիսում է այդ հավաքին հնչած գնահատականները»։
«Մեր գործընկերոջ նման արտահայտություններն ուղղակի ամոթի զգացում են առաջացնում։ Նա հատել է բոլոր կարմիր գծերը», - պնդել է Մատվիենկոն։
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում նաև նշել էր՝ Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում՝ ընդգծելով. - «Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»
«Հայաստանի դեմ Ռուսաստանի և Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, և որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է», - ասել էր Սիմոնյանը: