Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանի որդու խոսքով՝ հացադուլից հետո հոր պահման պայմաններն ավելի խստացվել են


Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը

Ադրբեջանում բանտարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը խորապես մտահոգված է նրա վիճակով հացադուլ սկսելուց հետո, CNN-ի հետ զրույցում ասել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը:

«Նախկինում նա շաբաթական մեկ անգամ զանգահարում էր մորս, իսկ հացադուլ սկսելուց ի վեր կապ չէր հաստատել։ Երկու շաբաթվա լռությունից հետո օրերս կապ է հաստատել իր քրոջ հետ ու տեղեկացրել, որ գտնվում է մեկուսացման խցում, այսինքն՝ հացադուլից հետո նրա անազատության պայմաններն ավելի են խստացվել», -ասել է Դավիթ Վարդանյանը:

Ի պատասխան CNN-ի հայտնի հաղորդավար Քրիստիան Ամանպուրի հարցին, թե արդյոք Վարդանյանն ակնարկել է, որ հնարավոր է՝ կյանքին վտանգ է սպառնում, Դավիթ Վարդանյանը նշել է, որ չի բացառում:

Ամանպուրը հիշեցրել է, որ Վարդանյանը համարվում է Ռուսաստանի նախագահի մտերիմներից, ինչպես նաև գտնվում է Ուկրաինայի՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում, և հարց է ուղղել, թե հնարավո՞ր է՝ այժմ նա հետապնդվում է մարդկանց կողմից, որոնք Վարդանյանի հետ քաղաքական տարաձայնություններ են ունեցել: Դավիթ Վարդանյանը, հարցին ուղիղ չպատասխանելով, հիշեցրել է, որ իր հայրը քաղաքականությամբ սկսեց զբաղվել «միայն այն բանից հետո, երբ Արցախում ապրող 120 հազար հայերը մնացին բոլորովին մենակ, ինչից հետո, նա, վտանգելով իր և իր ընտանիքի անվտանգությունը, տեղափոխվեց Արցախ»:

  • Բաքվում բանտարկված Ռուբեն Վարդանյանը արդեն շուրջ 20 օր է՝ հացադուլ է հայտարարել, պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
  • Արցախի նախկին պետնախարարն Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է Հակարիի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։
  • Ռուբեն Վարդանյանը 2022-ի սեպտեմբերին հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում է Արցախ։ 2022-ի նոյեմբերին նշանակվեց Արցախի պետնախարար։ Նա ղեկավարեց ընդամենը երեք ամիս՝ 2023-ի փետրվարին ազատվեց պաշտոնից։

XS
SM
MD
LG