Տավուշի մարզում հերթական միջադեպի մանրամասները ճշտելու միջոցառումներ են ձեռնարկվում, այսօր «Ազատության»-ը փոխանցեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը՝ պնդելով՝ Նոյեմբերյանում ոչ թե վրաերթ է եղել, ինչպես մասնակիցներն են պնդում, այլ՝ խուլիգանություն։ Մկրտչյանն ընդգծեց՝ հիվանդանոց տեղափոխվածներ չկան։
«Մարդ են ծեծել երկու կողմ, էն մեկը, չգիտեմ, քշել է, թե մեքենայի ճանապարհն է փակվել, դեռևս մանրուքներին դեռ չեմ տիրապետում այս պահին», - ասաց նա։
Քննչական կոմիտեից փոխանցեցին, թե ոստիկանությունից այս նոր միջադեպի մասին հաղորդում դեռ չեն ստացել։
Մինչդեռ միջադեպի ականատես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պնդում է, որ ԵԿՄ-ականին պատկանող մեքենան այսօր էլ է փորձել շարժվել ցուցարարների ուղղությամբ. - «Վնասվածքներ ստացածներ կան։ Դա անում է իշխանության հետ, պարզ է, որ ԵԿՄ-ն տեղական իշխանությունների, այս պարագայում ոստիկանության և մնացած կառույցների թողտվությամբ զբաղվում է մի գործունեությամբ, որը իրեն վերապահված չէ»։
Երկու օր առաջ էլ էին քաղաքացիներն ահազանգել, թե Երկրապահ կամավորականների միության Տավուշի ղեկավարն էր փորձել բացել փակ ճանապարհը, հետո էլ, ըստ ականատեսների, հրահանգել «Ուազ»-ը քշել մարդկանց վրա։ Նաև պատգամավորն էր տուժել։
Այս գործով երեկվանից ձերբակալված են միայն Տավուշ մեկնած «Մարտական եղբայրության» 7 անդամները, որոնք կասկածվում են խուլիգանության համար։
Կազմակերպության անդամ Ռուբեն Դալլաքյանը ցույց է տալիս համացանցում տարածված տեսանյութերը ու պնդում՝ ոստիկանությունը սևեռված էր միայն ցուցարարների ու իրենց վրա։
Դալլաքյանը պնդում է՝ ոստիկանության անգործության պարագայում ակտիվ էին Երկրապահ կամավորականների միության անդամները, որոնք էլ սադրում, ահաբեկում էին իրենց ու քաղաքացիներին, փորձում հեռացնել նրանց այդ տարածքից հենց իրավապահների քթի տակ. - «Որպեսզի չխոչընդոտվեր խաղաղ ցույց կատարելու մարդկանց իրավունքը, նախ ոստիկանները, շատ լավ լսելով, որ Յուրան հրահանգում է՝ քշեք մեքենան և ճզմեք, նախ դա պետք է կանխեին, երկրորդը՝ թույլ չտային բացահայտ հարձակում և հարվածներ, առաջին հերթին ԵԿՄ անդամների և համակիրների կողմից, իսկ եթե անգամ դա չէր կատարվել, ցուցարարների նկատմամբ հարձակումից հետո իրենք պետք է արագ ձերբակալեին կոնկրետ հարձակում գործած անձանց»։
Եվ հենց այս պարագայում էլ որոշ քաղաքացիներ փորձել են ինքնապաշտպանվել՝ փորձելով կանգնեցնել «Ուազ»-ը, ինչի համար են նրանց ձերբակալել են. - «Կա հստակ քաղաքական հետապնդում «Մարտական եղբայրության» անդամների նկատմամբ, և սա փաստվում է նաև նրանով, որ ձերբակալվել են անգամ անձինք, ովքեր տեղում չեն եղել», - նշեց նա։
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ ձերբակալված քաղաքացիներից երեքը առհասարակ փողոցը փակելու միջադեպերի հետ կապ չեն ունեցել, բայց դա իրավապահներին չի խանգարել նրանց ևս ձերբակալել։ Սրան զուգահեռ նույն իրավապահները միջոցներ չեն ձեռնարկել Երկրապահ կամավորականների միության անդամներին պատասխանատվության ենթարկելու հարցում, ընդգծում է նա։
«Իրավապահների գործողություններում «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հանցակազմ է տեսնում, մասնավորապես ոստիկանության գործողություններում, որոնք տեղում ծառայություն էին իրականացնում, և որոնք չխափանեցին «Ուազ» մակնիշի մեքենայի երթևեկը ցուցարարների ուղղությամբ, և որոնք բերման չենթարկեցին «Ուազ»-ի վարորդին», - շեշտեց նա
Իրավապաշտպանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել մի քանի դրվագով։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ «Ուազ»-ի վարորդը վրաերթի փորձ է արել, իսկ ոստիկանությունը չի կասեցրել այն, չի հակազդել։
Քննչական կոմիտեն մինչդեռ հայտարարում է՝ քննություն են անցկացնում՝ պարզելու բոլոր հանգամանքները, կոմիտեն, սակայն, առայժմ անազատության մեջ է պահում միայն «Մարտական եղբայրության» անդամներին, այդ թվում՝ նրանց ղեկավար Հրանտ Տեր- Աբրահամյանին։ Վաղը պարզ կդառնա՝ նրանց մեղադրանք կառաջադրվի, թե՝ ոչ, նրանց անազատության մեջ պահելու թույլատրելի ժամկետը կլրանա վաղը։
Երկրապահ կամավորական միությունից այսօր հրաժարվեցին մեկնաբանել ինչպես նախօրեի, այնպես էլ այսօրվա միջադեպերը։