Մատչելիության հղումներ

Ոստիկանները թույլ տվեցին բարձրանալ Ոսկեպարի եկեղեցի


Ոստիկանները թույլ տվեցին հավաքված քաղաքացիներին բարձրանալ Ոսկեպարի սուրբ Աստվածածին եկեղեցի։ Հենց այդ հատվածում, գոնե տեսանելի մասում, ականզերծման աշխատանքները, կարծես, ավարտվել են։ Զինծառայողներ այդ հատվածում չեն երևում։

Բարձրանալ ու նկարահանումներ անել չթույլատրվեց, միայն քաղաքացիները բարձրացան, իսկ իջնելուց հետո սկսեցին վերադառնալ Կիրանցի հատված։ Ոսկեպարցիներից ոմանք էլ վերադարձան գյուղ։

Կեսօրին նրանք տեղեկացել էին, որ Ոսկեպարում լարված իրավիճակ է, պնդեցին, որ զինված ուժերն այնտեղ ականազերծման աշխատանքներ են իրականացնում։

Եկեղեցու մոտ ոստիկաններ էին, նրանք շարքով կանգնել էին բնակիչների ու եկեղեցու միջև։ Ընթացքում մի քանի անգամ իրավիճակը լարվեց։ Բնակիչները պահանջում էին դադարեցնել ականազերծումը։

Եկեղեցու հարևանությամբ է այն հատվածը, որը փաստացի անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Քաղաքացիներն ասում էին՝ այս ամենի հետևանքով եկեղեցու ելումուտը կդժվարանա։

Զուգահեռ արդեն Կիրանց գյուղից դեպի Ոսկեպար տանող ճանապարհահատվածն է երեկվանից փակ, այստեղ մի քանի կիլոմետր հասնող խցանում կա։

Տեղում իրավիճակը լարվել է ուրբաթ օրվանից, երբ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետ կա՝ մինչև մայիսի 15-ը։

Մարդիկ ընդգծում են, որ այս հատվածում սահմանազատման գործընթացը այսպես սկսելը միակողմանի զիջում է, քանի որ հայկական տարածքներ կան օկուպացված Ադրբեջանի կողմից։

«Պիտի գան, պարզաբանում տան, որոշեն՝ ինչ ա, ինչ չի, հո տենց միակողմանի տալով չի՞», - ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Այստեղ կան բնակիչներ ոչ միայն Տավուշի այս շրջանի գյուղերից, այլ նաև Իջևանից, Հայաստանի տարբեր քաղաքներից։

«Երեկ իրենց հետ պայմանավորվածություն էր եղել, որ որևէ աշխատանքներ չպետք է տարվեն, և վաղը Մհեր Գրիգորյանը պետք է գար, ասեր, որ իրենց խնդիրը լուծում են, բայց պատահաբար այսօր առավոտյան գյուղի բնակիչները տեսնում են, որ աշխատանքներ են տարվում դաշտում, և միանգամից այս ամեն ինչը ինքնաբուխ տեղի է ունենում», - նշեց մեկ այլ բնակիչ։

«Եթե կա այս գործընթացը, ուրեմն այն պետք է տեղի ունենա հետևյալ պայմաններով՝ համալիր փաթեթային, ամբողջությամբ, որոշակի սկզբունքներով, քարտեզներով, ՀՀ օրենքների համաձայն, հանրաքվեով և միջազգային պայմանագրերի և երաշխավորների ներկայությամբ», - շեշտեց Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG