Մատչելիության հղումներ

Ամերիկյան զենքը Կիևը կարող է ստանալ մինչև ապրիլի վերջ․ The Washington Post


ATACMS համակարգ, արխիվ
ATACMS համակարգ, արխիվ

Ուկրաինան կարող է ԱՄՆ-ից զենքի նոր խմբաքանակը ստանալ Կիևին ռազմական օգնության օրինագծի հաստատումից և նախագահ Ջո Բայդենի ստորագրելուց մեկ շաբաթ անց, գրում է The Washington Post-ը։

Օրինագծի հաստատումից հետո Պենտագոնին մեկ շաբաթից էլ քիչ կպահանջվի Ուկրաինա զենք ուղարկելու համար, նշում է թերթը՝ շեշտելով, որ նման կարծիք է հայտնել նաև ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար Մարկ Ուորները։

Կիրակի օրը, CBS-ին տված հարցազրույցում, Մարկ Ուորներն ասել էր, որ ATACMS հրթիռների մատակարարումները կսկսվեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից փաստաթղթի ստորագրումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա այս շաբաթ՝ երեքշաբթի կամ չորեքշաբթի։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն ամիսներ տևած քննարկումներից հետո ապրիլի 20-ին հավանություն տվեց Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթին։

Պաշտոնական Կիևը և եվրոպական դաշնակիցները ողջունել են Ուկրաինային տրամադրվող օգնության նախագծի ընդունումը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների այդ քայլը «հազարավոր կյանքեր կփրկի»:

Կրեմլն, իր հերթին, հայտարարել է, թե Միացյալ Նահանգների քայլը «ուկրաինացիների նոր կյանքեր կարժենա՝ Կիևի ռեժիմի պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG