Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի տներից մեկին Իսրայելի օդուժի հասցրած հարվածից առնվազն 9 մարդ է զոհվել, նրանցից 6-ը՝ երեխաներ:
Associated Press լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զոհվածների թվում ընտանիքի 5 անդամներ են և նրանց 2 ազգականները:
«Սա մարդկային արժեքներից և բարոյականությունից զուրկ աշխարհ է: Նահատակվել են միայն կանայք և երեխաներ», - գործակալությանն ասել է Ահմեդ Բարհումը, ում կինն ու 5 տարեկան աղջիկը հարվածի զոհ են դարձել:
Իրավիճակը Գազայի հատվածում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման զինյալները Գազայից անսպասելի հարձակում են գործել սահմանամերձ հրեական բնակավայրերի վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է ռազմական գործողության մասին, որի նպատակն է «ամբողջությամբ ոչնչացնել «Համաս»-ի ջոկատները Գազայում»:
Գազայի հատվածի բնակավայրերի մեծ մասն ավերակների է վերածվել: Պաղեստինյան անկլավում մարդասիրական աննախադեպ ճգնաժամ է: Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության, որը ենթարկվում է «Համաս»-ին, ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 33 հազար 600 պաղեստինցի։
Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխանը և վարչապետ Բենյամին Նեթանյահուից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: