Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը Հորմուզի նեղուցի մոտ բեռնանավ են գրավել՝ պնդելով, որ նավը «կապված է Իսրայելի հետ»:
IRNA պետական լրատվական գործակալությունը գրում է, որ «MSC Aries» նավը, որը, ըստ իր տեղեկությունների, շահագործվում է մասամբ իսրայելցի միլիարդատիրոջը պատկանող նավային ընկերության կողմից, առգրավվել է ապրիլի 13-ին և տեղափոխվել Իրանի տարածքային ջրեր։
Միջադեպը տեղի է ունեցել Գազայի հատվածում շարունակվող պատերազմի պատճառով Իրանի և Արևմուտքի միջև լարվածության ֆոնին և այս ամիս Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելին վերագրվող հարվածից հետո:
Իրանը, որը թիրախավորել է միջազգային և իսրայելական նավերը Կարմիր ծովում՝ ի նշան աջակցության Գազայի պաղեստինցիներին, խոստացել է պատասխան հարված հասցնել ապրիլի 1-ին իրանցի յոթ զինվորականների, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամանատարի սպանության համար:
Միջադեպից հետո Իսրայելի բանակի խոսնակն ասել է, որ «եթե Իրանն ընտրի իրավիճակն ավելի սրելու տարբերակը, կկրի դրա հետևանքները. - «Մենք բարձրացրել ենք Իսրայելը Իրանի հետագա ագրեսիայից պաշտպանելու մեր պատրաստակամությունը: Մենք պատրաստ ենք նաև պատասխանել»:
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն էլ ավելի ուշ ասել է, որ Իրանը ղեկավարվում է «հանցավոր ռեժիմով, որն աջակցում է «Համաս»-ի (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) հանցագործություններին և այժմ ծովահենական գործողություն է իրականացնում՝ խախտելով միջազգային իրավունքը»։