Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Ըստ Ղազախստանի նախագահի աշխատակազմի՝ նա բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Այցի նախաշեմին «Արմենպրես»-ի հետ զրույցում նա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գնահատել է որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։
«Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարևոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ», - ասել է նա:
Ղազախստանի նախագահը հավելել է, որ Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է իր երկրի շահերից. - «Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ»։
Մոտ մեկ ամիս առաջ Տոկաև իր ադրբեջանցի գործընկերոջ հետ այցելել էր Շուշի, Ֆիզուլի։
Մարտին Երևանում էր Ղազախստանի արտգործնախարարը։