Որ զինկոմիսարիատի նամակը հասցեատիրոջը հասնի, Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոխել օրենքը և ծանուցումները հրապարակային դարձնել։ Կառավարությունն այսօր հաստատեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։
«Գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց: <>
Նույն խնդիրը վերաբերում նաև վարժական հավաքի անցկացման նախապատրաստական փուլում զինկոմիսարիատի կողմից քաղաքացիներին զինկոմիսարիատ հրավիրելու գործընթացին», - ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Գործող օրենքով քաղաքացին ծանուցված է համարվում, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը։
Հիմա Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ծանուցման մի քանի ճանապարհ։ Եթե փոստատարի նամակը չի հասնում, ծանուցումը կուղարկեն էլեկտրոնային փոստով: Եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին քաղաքացու էլեկտրոնային հավաստումը, ապա նամակը ստանալու հինգերորդ օրը նա ծանուցված է համարվելու։ Իսկ եթե չունի էլեկտրոնային փոստ, զորակոչի մասին ծանուցումը քաղաքացուն նախ կուղարկեն փոստային նամակով, եթե չի հաջողվում ուղիղ հասցեատիրոջը հասցնել, քաղվածքը կհրապարակեն «Ազդարար» պաշտոնական կայքում, և անկախ նրանից՝ կարդացել է, թե ոչ, հրապարակման տասներորդ օրը նա համարվում է ծանուցված։
Ըստ նախարարի՝ ծանուցման ամբողջ գործընթացը 30 օր է տևելու։ Այսպիսով, հատկապես վարժական հավաքներից խուսափելը կբարդանա։ Քանի որ ծանուցված լինելու դեպքում պետք է ներկայանալ զինկոմիսարիատ, հակառակ դեպքում քրեական հետապնդում կսկսվի։ Վարժական հավաքներից խուսափելը պատժվում է տուգանքով կամ մինչև երկու տարվա ազատազրկմամբ։
Սուրեն Պապիկյանն առաջարկեց օրենքը խորհրդարանում քննարկել հրատապ կարգով։
Փոխանակ խնդիրը լուծեն, փորձում են ավելի խստացումներով քրեական գործեր հարուցեն. Գեղամ Մանուկյան
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծի փոփոխության մասին դիրքորոշում կհայտնեն, երբ քննարկումները սկսվեն, ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Փոխանակ խնդիրը լուծեն, փորձում են շատ ավելի խստացումներով ուղղակի քրեական գործեր հարուցեն», - ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է՝ Պաշտպանության նախարարությունը զորակոչի, իր ձևակերպմամբ, մահակները խստացնելու փոխարեն բանակի բարեփոխման խոստացած հայեցակարգը Ազգային ժողով տանի. - «Երբ որ համալիր բարեփոխման հայեցակարգ չկա, դու Ա կետից մինչև Օ-Ֆ կետ ինչպես ես հասնելու, բոլոր հարցերն ինչպես են լուծելու, մի փոքր ինչ-որ օրենսդրական փոփոխությունը սարքել են համահայկական հարց՝ այ տեսեք՝ բանակն ենք բարեփոխում: Արդյունքում կտոր-կտորով չես կարողանում ամբողջական համակարգը բարեփոխել»:
Իսկ ինչո՞ւ են բանակից խուսափում, հարցնում է ընդդիմադիր պատգամավորը: Կառավարությունն, ըստ նրա, այս հարցին պետք է պատասխանի։
«Քաղաքացին հպարտության այդ զգացումը չունի զինված ուժերում ծառայելու, այդ գիտակցումը չունի, որովհետև առավոտից գիշեր այս իշխանությունը հետևողական առաջին իսկ օրից հակաբանակային քարոզչությամբ հեղինակազրկելով զինված ուժերը՝ ստեղծել է այդ մթնոլորտը», - նշեց նա։
Այս նախագիծը դեռ տարեսկզբին էր հանրային քննարկման դևվել: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում 96 տոկոսը դեմ էր քվեարկել փոփոխությանը։