Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի թիմակիցները հակադարձում են Փաշինյանին. «Իրական Հայաստանը մինչև նրա իշխանության գալն էր»


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան և ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ, կոլաժ
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան և ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ, կոլաժ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները հակադարձում են Նիկոլ Փաշինյանին. 1991 թվականից մինչև 2018 թվականը Հայաստանի ոչ մի իշխանություն տարածքային որևէ պահանջ ոչ Ադրբեջանին և ոչ էլ Թուրքիային չի ներկայացրել։

«Փաշինյանը հերթական անգամ զբաղված է ստախոսությամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական ուժերը դրել են Կարսի, Վանի, Տրապիզոնի ազատագրության հարցերը», - իր հերթին, ընդգծեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Վարչապետը նախօրեին խորհրդարանում հակադրել էր պատմական ու իրական Հայաստանները, նշել, որ մինչ օրս սխալ հունով են ընթացել, և որ վերջապես պետք է ընտրություն կատարել հօգուտ իրական Հայաստանի։

«Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը: Մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել այս փաստը», - հայտարարել էր վարչապետը:

«Հայաստանը իր հիմնադրման պահից՝ 1991 թվականից, հիմնադրվել է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որն է՝ Խորհրդային Հայաստանի սահմանները: Մենք որևէ հավակնություն մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս չենք ունեցել, ոչ Թուրքիայի և ոչ էլ Ադրբեջանի: Այդ՝ Նիկոլի ասած լեզվով՝ մենք 91 թվից հենց իրական Հայաստանն ենք հիմնադրել: Ավելին ասեմ՝ էդ գիծը շարունակվել է մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, ոչ միայն Տեր-Պետրոսյանը», - ասաց Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով. - «Մենք շատ բաներում կարող ենք մեղադրել և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին՝ սխալներում և կոռուպցիայի մեջ կամ և այլ բաների մեջ, բայց էս գիծը նրանք շարունակել են: Այսինքն՝ երբեք Հայաստանի դիվանագիտության մեջ, երբեք չի ասվել, որ, ասենք, Խորհրդային Հայաստանից դուրս որևէ տարածքի մասին մենք կարող ենք խոսել որպես Հայաստանի մաս»:

«Հայաստանի Հայաստանի Հանրապետությունը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Զուրաբյանն ու Շարմազանովը օրինակներ են բերում ու պնդում՝ հենց Փաշինյանն է իր հայտարարություններով սպառնալիքներ ստեղծել իրական Հայաստանի համար՝ ըստ էության, տարածքային պահանջներ ներկայացնելով և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային։

Ընդդիմադիր գործիչները շեշտում են՝ Արցախի հարցը երբեք չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ։ Հայաստանի նախորդ երեք ղեկավարներն էլ խոսել են ինքնորոշման իրավունքի մասին, մինչդեռ Փաշինյանը, նրանց պնդմամբ, Արցախյան հիմնախնդիրը դարձրեց տարածքային վեճ՝ 2019-ի օգոստոսին Ստեփանակարտում հայտարարելով. - «Արցախը Հայաստան է և վե՛րջ»:

«Ոչ Տեր-Պետրոսյանն է ասել «Արցախը Հայաստան և վերջ», ոչ Քոչարյանն է ասել «Արցախը Հայաստան է և վերջ», ոչ էլ առավել ևս Սերժ Սարգսյանն է ասել «Արցախը Հայաստան է և վերջ», - նշեց ՀՀԿ փոխնախագահը:

«Սա միջազգային հանրությունը միանգամից ընկալեց որպես լկտիագույն խախտում միջազգային իրավունքի և համարեց որպես տարածքային հավակնություն, ագրեսիա», - ասաց ՀԱԿ փոխնախագահը:

Ընդդիմադիր ուժերի փոխնախագահները հիշեցնում են նաև Մյունխենում 2020 թվականի փետրվարին Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, երբ Ալիևի հետ քննարկմանը Հայաստանի վարչապետը Ղարաբաղյան հարցի շուրջ բանավեճում խոսում էր Տիգրան Մեծի մասին. - «Երբ հայոց թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական զորավար Պոմպեոսի հետ, Հարավային Կովկասում Ադրբեջան անունով երկիր չկար»։ Իսկ 2020-ի օգոստոսին՝ պատերազմից մեկ ամիս առաջ, հայտարարում, որ Սևրի պայմանագիրը Երևանի ուշադրության կենտրոնում է. 1920 թվականի այս փաստաթղթով Հայաստանը պետք է ստանար ներկայիս տարածքից երեք անգամ ավելի մեծ տարածք։

«Ի՞նչ ասեմ, հակադիվանագիտական մի ձեռնարկում, որ կատարեցին մեր իշխանությունները, երբ որ սկսեցին խոսել Սևրի պայմանագրի մասին: Էստեղ խնդիրը այն է, որ դրանով կործանվեց Հայաստանի իմիջը՝ որպես ոչ ագրեսիվ մի պետության, կամ որևէ տերիտորիալ հավակնություններ չունեցող մի պետության», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Փաշինյանը կոնկրետ նպատակով է արհեստական հակադրություններ ստեղծում իրական և պատմական Հայաստանի միջև։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ Փաշինյանը, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս և փակելով Ղարաբաղյան հարցը, այժմ էլ փորձում է մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը:

«Միգուցե Փաշինյանը Թուրքիայից և Ադրբեջանից նոր պատվեր է ստացել՝ մոռացության մատնել ապրիլ 24-ը, և ապրիլ 24-ի օրերը մոտենում են, և նա փորձում է ապրիլ 24-ի ողբերգությունը, Հայոց ցեղասպանությունը, Հայոց մեծ եղեռնը թողնել պատմության մեջ: Նիկոլ Փաշինյանը ո՞նց պիտի հիմնավորի հայ ժողովրդին, որ ինքը ապրիլ 24-ը չի դարձնում արտաքին քաղաքական կարևորագույն գործոն և դատապարտում այն. պիտի ասի, որ «ախպեր ջան, էդ ապրիլ 24-ը, էդ պատմական Հայաստանը սպառնալիք է», - ընդգծեց Հանրապետականի փոխնախագահը:

Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում թույլ տված ճակատագրական ձախողումները փորձում է բարդել նախկինների վրա՝ նրանց մեղադրելով մի բանում, որի համար հենց ինքն է մեղավոր. - «Սա տիպիկ նիկոլական հնարք է»:

Փաշինյանը նախօրեին խորհրդարանում ընդունեց, որ սխալ է եղել, երբ պաշտոնավարման տարիներին համարել է, թե պատմական ու իրական Հայաստանները կարող միասին գոյակցել և ուժեղացնել միմյանց։ Վարչապետը, սակայն, շեշտեց, որ իր մոտեցումները տրանսֆորմացիայի են ենթարկվել։

«Ես և Կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, միայն 2022 թվականին արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առանցքային գործոնը արհամարհված է», - Ազգային ժողովում հայտարարեց Փաշինյանը:

«Սա շատ կարևոր խոստովանություն է. նա ադեկվատ չի եղել առնվազն հինգուկես տարի՝ իր իսկ խոստովանությամբ: Նման մարդը պիտի շարունակի՞ արդյոք ընդունել ճակատագրական որոշումներ Հայաստանի անվտանգության առումով», - ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը:

Զուրաբյանի համոզմամբ՝ եթե շուրջ վեց տարի Փաշինյանն առաջնորդվել է պատմական Հայաստանի հոգեբանությամբ՝ երկիրը հասցնելով աղետալի վիճակի, ապա այժմ էլ մյուս ծայրահեղության մեջ է՝ պատրաստ լինելով Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով գնալ անհիմն զիջումների. - «Եվ դա իրականում շատ ավելի հնարավոր է դարձնում պատերազմի վերսկսումը»:




XS
SM
MD
LG