Մատչելիության հղումներ

Ըստ ԱԱԾ-ի, Ներքին Խնձորեսկի միջադեպում հայ սահմանապահները ծառայության կանոններ են խախտել․ քրվարույթ կա


Ադրբեջանցիների դիրքերը Ներքին Խնձորեսկի հատվածում, 2021թ․
Ադրբեջանցիների դիրքերը Ներքին Խնձորեսկի հատվածում, 2021թ․

Սահմանային Ներքին Խնձորեսկի միջադեպից 2 օր էլ չանցած Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ հայ զինծառայողներն են խախտել սահմանապահ ծառայության կանոնները:

Ամփոփելով ապրիլի 10-ի միջադեպի ծառայողական քննությունը՝ ԱԱԾ-ից այսօր հատնեցին, թե ժամկետային զինծառայող, սահմանապահ ծառայության վերակարգի ավագն ու ծառայակիցները փորձել են հատել Հայաստանի պետական սահմանը և վերադարձնել Ադրբեջանի տարածք անցած հովվին ու նրա հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, ինչն անզգուշությամբ պատճառել է էական վնաս:

«Նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ», - ասված է հաղորդագրությունում:

Երկու օր առաջ Ներքին Խնձորեսկի հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև տեղի ունեցած հրաձգության պատճառն, ըստ ԱԱԾ-ի, մոլորված հայ հովիվն էր:

Թե՛ այդ օրը, թե՛ այսօր կառույցից ընդգծել են՝ տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ:

Հայաստանի ԱԱԾ-ն այդ առնչությամբ ափսոսանք է հայտնել և վստահեցրել, թե համապատասխան միջոցներ կձեռնարկվեն այդպիսի դեպքերը բացառելու ուղղությամբ:

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ԱԱԾ-ի այսօրվա հաղորդագրությունը վատ նախադեպ է համարում, կարծում է՝ սա բացասաբար կանդրադառնա զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վրա:

«Սա ընկալելի չի դառնալու մեր հասարակության համար, սա սա ընկալելի չի լինելու մեր այն զինծառայողների համար, որոնք սահմանագծի տարբեր հատվածներում ծառայություն են իրականացնում, և, բնականաբար, յուրաքանչյուրն էլ լարվածությունից կամ իրադրության բերումով կարող է ինչ-որ պահի սխալվել ու անել բան, որը միգուցե կանոնադրության մեջ չի տեղավորվում, բայց կոնկրետ այդ իրադրության պայմաններում այլ տարբերակ չի էլ եղել», - նշեց Աբրահամյանը:

Իշխանությունն այսպես փորձում է կանխել ոչ ցանկալի զարգացումները, News.am-ի հետ զրույցում պարզաբանել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ սահմանապահ զորքերը օգնել են հովվին, բայց այդպիսի դեպքերում, ըստ պատգամավորի, պետք է հնարավորինս բացառել կրակոցները: ՔՊ-ականը չի հասկանում՝ ինչու են մարդիկ քննադատաբար վերաբերում ԱԱԾ հաղորդագրությանը:

«Ե՛վ մենք, և՛ հակառակ կողմը գիտենք ինչ է տեղի ունեցել, երբ որ արձանագրում ենք, որ եղել է խախտում, որի մեջ մենք էլ ունեցել ենք մեր մասնաբաժինը և ընդունում ենք դա, դրանով կանխում ենք հետագա զարգացումները», - նշել է Քոչարյանը:

Ընդդիմադիր պատգամավորը չի կարծում, որ նման հաղորդագրությունները կկանխեն սահմանային միջադեպերը: Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է երկու ամիս առաջ Ներքին Հանդի դիրքերում տեղի ունեցած արյունալի դեպքը, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունեցավ։ Այդ օրերին ևս Հայաստանի իրավապահները, երբ տեղեկություն էր տարածվել ադրբեջանցի սահմանապահի վիրավորվելու մասին, խոստանում էին պատժել հնարավոր մեղավորներին:

«Երբ Ադրբեջանը ցանկանում է իրավիճակն օգտագործել, նա օգտագործում է՝ անկախ նրանից, թե ինչ հավաստիացումներ կհնչեն, որովհետև Ներքին Հանդի դեպքում, օրինակ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանն էր խոսում: Այսինքն՝ այս պարագայում եթե Ադրբեջանն ունի քաղաքական որոշում գնալու որևէ գործողության, այդ գործողությանը գնալու է և այս հաղորդագրությունները որևէ դեր չեն ունենալու: Սրանով է պայմանավորված, որ ես նշում եմ, որ չարժեր այս իրավիճակում գնալ այդպիսի հաղորդագրության ու այդպիսի վատ ուղերձներ հղել մեր զինված ուժերին», - ասաց Աբրագամյանը:

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը տեղեկացրին, որ արդեն քրեական վարույթ են նախաձեռնել՝ սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելու հոդվածով: Այս պահին մեղադրյալ չկա:

Ի դեպ, անցած տարի այս օրերին գրեթե նույն ուղղությամբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, հայկական կողմը չորս զոհ տվեց։ Այն ժամանակ վարչապետը պնդում էր, թե այդ միջադեպից հնարավոր կլիներ խուսափել, եթե իր տված հանձնարարականների կատարումը չձախողվեր: Այս դեպքում էլ թեև կա հարուցված քրեական գործ, սակայն մինչ օրս պարզ չէ, թե ով և ինչպես էին ձախողել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները:

XS
SM
MD
LG