ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարում է՝ վերահաստատել է Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը։
Փաուերն այդ մասին X-ի իր էջում է գրառում կատարել՝ նշելով, որ Հայաստանին աջակցելու հանձնառությունը վերահաստատել է ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Փաուերի՝ ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, տնտեսության ընդլայնմանը և պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել էր Փաուերի հետ։ Հայկական կողմը հաղորդեց, որ վարչապետը ներկայացրել է Հայաստանի իրականացրած ծրագրերն ու հետագա քայլերը, կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում՝ բռնի տեղահանվածներին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը և ընդգծել դրա անհրաժեշտությունը:
Սամանթա Փաուերը նշել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման։