Մատչելիության հղումներ

Բայդենը խոստացել է «երկաթե» վճռականությամբ պաշտպանել Իսրայելը․ The Guardian


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է «երկաթե» վճռականությամբ պաշտպանել Իսրայելը, հաղորդում է The Guardian-ը։

Ապրիլի 2-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին Իսրայելի հարվածներից հետո Վաշինգտոնում մեծ են մտահոգությունները, որ Իրանն, ի պատասխան, «զգալի» հարված կհասցնի առաջիկա մի քանի օրվա ընթացում:

ԱՄՆ-ու դաշնակիցները մտավախություն ունեն, որ սա կարող է ոչ թե միջնորդավորված, այլ հենց ուղիղ հարված լինել Իրանից։

The Guardian-ը հիշեցնում է, որ Իսրայելը խոստացել է պատասխանել նման ուղղակի հարվածին՝ բարձրացնելով տարածաշրջանային պատերազմի հեռանկարը։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ նման հակամարտության հավանականությունն այսօր ավելի մեծ է Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ի իրավիճակի սրումից ի վեր։

Բայդենի ելույթից ժամեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի դեմ հարվածներ հասցնելու Իրանի մտադրության մասին՝ ի պատասխան Դամասկոսին իսրայելական հարվածների։

Ընդգծելով, որ Իրանի հյուպատոսության վրա հարձակումը հարձակում է Իրանի տարածքի վրա՝ Խամենեին, մասնավորապես, հայտարարել է՝ Իսրայելի ռեժիմը կպատժվի։ «Չար ռեժիմը սխալ է թույլ տվել և պետք է պատժվի, ու կպատժվի», - ըստ IRNA-ի՝ ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին հասցված օդային հարվածներից մի խումբ իրանցի բարձրաստիճան զինվորականներ սպանվեցին, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և նրա տեղակալ Մոհամմադ Խադի Խաջի Ռահիմին:

Իրանի իշխանությունները «վախկոտ հանցագործություն» որակեցին Իսրայելի օդուժի հարվածը՝ սպառնալով անպատասխան չթողնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG