Մոսկվան կրկին քննադատում է Արևմուտքին՝ պնդելով, թե փորձ է արվում իրավիճակը Հարավային Կովկասում վերադարձնել տարածաշրջանի պատմության ամենավատ ժամանակներ:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքելով հարցին, թե արդյո՞ք Երևանը փորձում է Բաքվի հետ բանակցություններում Ռուսաստանը Արևմուտքով փոխարինել, կարծիք է հայտնել, թե ռուսական կողմը որպես միջնորդ է հանդես եկել «բարձր արդյունավետությամբ՝ ի նպաստ խաղաղության և ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների»։
«Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի իրականացնելու սեփական ներքին և արտաքին քաղաքականությունը։ Դա ակնհայտ է։ Բայց հարցն այն է, որ, ցավոք, մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունենում ոչ թե հայտարարված նպատակների օգտին, այլ հակասում է դրանց։ Ինչպես նաև խախտում է տարածաշրջանում ուժերի և շահերի հավասարակշռությունը»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Ադրբեջանական ներխուժումների ընթացքում ՀԱՊԿ-ից աջակցություն չստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարում է, որ դիվերսիֆիկացնում է իր անվտանգային քաղաքականությունը։