Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակը չեն ապրում. Փաշինյան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

2021-ի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, կային ուժեր, որոնք Երևանից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել որպեսզի, ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա Հայաստանին օգնության՝ այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ նրանց տրամաբանությամբ, առանց ռազմական գործողություններ ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել։

«Բայց հետո պետք է պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի Հայաստանին դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից», - հայտարարեց վարչապետը՝ շեշտելով՝ եթե կառավարությունը դրան տուրք տար, իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով՝ ռազմական գործողությունների ծավալում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձևավորում և Հայաստանի Հանրապետության պետական փաստացի լուծարում։

Փաշինյանը շեշտեց՝ հետագայում արդեն ԱԺ ընտրություններով վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը։

«Իրական Հայաստանի դե յուրե հաստատումն էլ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, երբ հասկանալի դարձավ, որ մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունը։ Հենց այդ շրջանում էլ Պրահայում կայացվեցին շատ կարևոր որոշումներ, և Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այլ Հայաստանի Հանրապետությունը ծնկի բերելու։

Դեռ 1997-ին Հայաստանն ու Ռուսաստանը Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր են կնքել և հենց այս պայմանագրով՝ Ռուսաստանը պարտավորվել է Հայաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում միջամտել։

Հայաստանի արևելյան սահմանագոտում 2021-ի նոյեմբերին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ։ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով դիմեց ռազմավարական դաշնակցին՝ հիշեցնելով հենց այս պայմանագիրը։ Սակայն աջակցություն չստացավ։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին ու չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Չնայած դժգոհություններին՝ Հայաստանը դեռ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Այս պահին միակ գործնական քայլն այն է, որ Երևանը որոշել է օգոստոսի 1-ից հրաժարվել է «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների ծառայությունից:

Մոսկվայից արձագանքել են, թե ռուս սահմանապահների ու 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է: Մինչդեռ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որի թիմի օրոք ռուսները ծառայության անցան նաև հայ-ադրբեջանական սահմաններին, իր կասկածներն էր հայտնել:

«Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվի, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են ու պաշտպանելու են: Ես շատ խիստ կասկածում եմ», - ընդգծել է Սիմոնյանը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս մեղադրեց Երևանին հայ-ռուսական հարաբերությունները «գիտակցաբար փլուզման տանելու համար», դժգոհել, թե հայաստանյան իշխանությունները փնովում են ռուս սահմանապահներին, 102-րդ ռազմաբազան ու ՀԱՊԿ-ը։

Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակը չեն ապրում, Երևանը, սական, իսկապես այդ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, իսկ հակառակ դեպքերը, վարչապետի խոսքով, բազմաթիվ են։

«Մենք չենք ուզում վիճել ՌԴ ի հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ գնահատում ենք այդ դրականը, որ եղել է մեր հարաբերություններում, - ասաց Փաշինյանը՝ հայտարարելով՝ իր գնահատմամբ, այժմ տեղի է ունենում պատմական Հայաստան - Ռուսաստան հարաբերություններից անցում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների։

XS
SM
MD
LG