Մատչելիության հղումներ

«Ես մի քիչ խառնել էի». Անդրանիկ Քոչարյանը երեկվա հայտարարության մասին


Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խմբագրեց երեկվա իր պնդումը, թե «Գլխավոր շտաբն է «նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։

«Ես մի քիչ խառնել էի, բնականաբար այդպիսի խնդիրները քննարկվում են սահմանազատման հանձնաժողովում։ Ես երևի ուզում էի ասել, որ Գլխավոր շտաբի կարծիքը պետք է լինի առաջնային՝ նման աշխատանքների կազմակերպման համար», - ասաց Քոչարյանը։

«Ազատություն»․ - Բայց կարծիք հայտնե՞լ է շտաբը։

Քոչարյան․ - Ես կարծում եմ, որ առանց Զինված ուժերի գլխավոր շտաբի կարծիքի՝ աշխատանքների էֆեկտիվ կազմակերպումը կլինի անհնար։ Հանձնաժողովն իր աշխատանքները կատարում է և, բնականաբար, էդ աշխատանքների ճիշտ կազմակերպման համար պետք է ունենա տարբեր գերատեսչությունների փորձագիտական եզրակցություններ։ Իսկ Գլխավոր շտաբի եզրակացությունը պետքէ լինի ամենկարևորներից։

«Ազատություն»․ - Գլխավորը շտաբը տվե՞լ է եզրակացություն։

Քոչարյան․ - Ես չեմ կարող ասել, բայց համոզված եմ, որ առանց դրա հնարավոր չէ աշխատանքեր անել։

Երեկ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել սահմանազատումը սկսել հենց Տավուշից, մասնավորապես, ասել էր․ «Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ»։

Արձագանքելով դիտարկմանը, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է՝ դեռ որոշում չկա, որ սահմանազատումը պետք է Տավուշի հատվածից սկսվի, Քոչարյանն ասել էր. - «Դե հիմա աշխատանքները սկսված են»։

Օրերս էլ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշի մարզից:

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Վարչապետն ուղիղ հայտարարում է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Ընդդիմանալու վերջը, ըստ Փաշինյանի, մոտալուտ պատերազմը կլինի, իսկ պաշտոնական Երևանի քաղաքականությունը, վարչապետի խոսքով, պատերազմ թույլ չտալն է, «և սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG