Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ վաղը Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահին զանգահարել է նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հարցը։ Նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում, հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն այդ հանդիպման վերաբերյալ և նշել տարածաշրջանի ընդգրկման կարևորությունը», - ասված է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում։
Ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցի վերաբերյալ X-ում արված գրառմամբ համառոտ նշել է միայն, որ Ալիևի հետ քննարկել է «ԵՄ-Ադրբեջան կարևոր հարաբերությունները կայուն և բարգավաճող Հարավային Կովկասի շրջանակներում»։
Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է նաև, որ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել «ակտիվացնել ականազերծմանն աջակցելու գործողությունները, ինչպես նաև քննարկել, թե ինչ անել, որպեսզի Բաքվում COP29-ը հաջողություն ունենա»։
Պետքարտուղար Բլինքենը երեկ Ալիևի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով եռակողմ հանդիպման վերաբերյալ Բաքվի մտահոգություններին, ընդգծել է, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։
Իլհամ Ալիևն իր հերթին նշել է՝ այն, որ հանդիպումը չի հետաձգվել՝ չնայած Ադրբեջանի արդար դիտողություններին, կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ, ի վերջո, լարվածության։