Քննարկվում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի գաղափարը
ՆԱՏՕ-ի երկրները պետք է ոչ թե կամավորության սկզբունքով, այլ պարտադիր կարգով ռազմական օգնություն հատկացնեն Ուկրաինային, այդպիսի կարծիք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում, որտեղ այսօր գումարվել է անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքը:
«Մենք պետք է փոխենք մեր աջակցության դինամիկան: Մենք պետք է հուսալի և կանխատեսելի օգնություն տրամադրենք Ուկրաինային ամբողջ պատերազմի ընթացքում: Հետևաբար պետք է ավելի քիչ ապավինենք կամավոր ներդրումներին, ավելի շատ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում պարտավորություններին, ավելի քիչ՝ կարճաժամկետ օգնությանը և ավելի շատ՝ բազմամյա պարտավորություններին»,- ասել է գլխավոր քարտուղարը:
«Ուկրաինայի անդամակցումը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է»
Երեկ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հուլիսին ԱՄՆ-ում կայանալիք գագաթնաժողովում կառաջարկի Ուկրաինային սատարելու նպատակով ստեղծել 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ՝ 5 տարի ժամկետով և ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ին փոխանցել ռազմական մատակարարումների վերահսկումը:
Ենթադրվում է, որ այս առաջարկները կդառնան յուրօրինակ փոխհատուցում Ուկրաինային այն բանի համար, որ ՆԱՏՕ-ն անդամություն դեռ չի առաջարկում այդ երկրին:
«Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, դա ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է», - ասել է Ստոլտենբերգը:
«Այսօր գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է»
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հաստատել է հատուկ հիմնադրամի գաղափարի գոյությունը:
«Գիտեք, գլխավոր քարտուղարը ներկայացրել է 5 տարվա կտրվածքով 100 միլիարդի հիմնադրամի առաջարկը, մենք այն վերլուծում ենք, տվյալ պահին որոշում չկա, մենք պետք է պատրաստվենք Վաշինգտոնի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսին: Ակնհայտ է, որ այսօր Ռուսաստանը գլխավոր սպառնալիքն է», - ասել է Լահբիբը:
ՆԱՏՕ-ի արտգործնախարարները Բրյուսելում են, իսկ Վիլնյուսում հավաքվել են Չեխիայի, Բուլղարիայի, Շվեդիայի և Նիդերլանդների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Լիտվայի մայրաքաղաքում էլ ռուսական ագրեսիան առանցքային թեմաներից էր:
«Եթե չանդամակցեինք ՆԱՏՕ-ին, սպառնալիքներ կլինեին Ռուսաստանից»
«Խորհրդանշական տարի է Լիտվայի համար, երևի գիտեք, որ այս տարի Լիտվան նշում է երկու մեծ իրադարձություն՝ Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին մեր անդամակցության 20-ամյակը»,- հանդիպմանն ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:
Նրա խոսքով՝ լիտվացիները շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում ազատություն և ժողովրդավարություն այնպիսի երկրի համար, ինչպիսին Լիտվան է, և գիտեն, թե ինչ է նշանակում գտնվել Եվրոպայում առաջնագծում։
«Եթե մենք չանդամակցեինք ՆԱՏՕ-ին, ամենայն հավանականությամբ, շատ կոնկրետ և նյութական սպառնալիքներ կլինեին Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է Նաուսեդան: