Մատչելիության հղումներ

«Տնտեսության դիվերսիֆիկացում», «ոչ մահաբեր միջոցներ». ի՞նչ ակնկալել Փաշինյան- Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումից


Բրյուսելյան հանդիպման կիզակետում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը հարցը. Եղոյան

Այս ուրբաթ Բրյուսելում կայանալիք Փաշինյան- Բլինքեն- Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետում է լինելու Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հարցը, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Արման Եղոյան
Արման Եղոյան

«Կարելի է ակնկալել Հայաստանի տնտեսության կախվածության կամ փոխկապվածության դիվերսիֆիկացում», - ասաց նա:

«Ազատության» հարցին՝ այսինքն Ռուսաստանի տնտեսությունից կախվածության թուլացում կարո՞ղ ենք ակնկալել այս հանդիպման արդյունքում, Եղոյանը պատասխանեց. - «Եկեք այսպես ձևակերպենք, դիվերսիֆիկացում ասելով հասկանանք շատ գործընկերների ձեռքբերում, այսինքն, տնտեսության փոխկապում շատ գործընկերների հետ, մի քանի կենտրոնների հետ»:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ անցած տարի միայն դեպի Ռուսաստան Հայաստանից արտահանումը կազմել է 3.4 միլիարդ դոլար, դեպի ԵՄ բոլոր երկրներ միասին՝ մոտ 710 միլիոն դոլար։ Հայ-ռուսական առևտուրը զգալիորեն աճեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից ու արևմտյան պատժամիջոցներից հետո։ Հայաստանի տնտեսությունը խիստ փոխկապակցված է Ռուսաստանի հետ, Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է։

Հնարավո՞ր է, որ բրյուսելյան հանդիպման արդյունքում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու խնդիր դրվի։ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը դժվարանում է ասել։

«Ես չեմ կարող կոնկրետ պատասխանել, բայց ինչ-որ տեղից դուրս գալը և մտնելը նպատակներ չեն, գործիքներ են», - նշեց Եղոյանը

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի համոզմամբ, մինչդեռ, եթե խոսվում է Ռուսաստանից կախվածության արմատական փոփոխության մասին, ապա Հայաստանը պետք է քաղաքական որոշում կայացնի ու դուրս գա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից։

«Այսինքն հնարավոր չէ որակական առումով փոխել Հայաստանի սերտաճման մակարդակը Ռուսաստանի տնտեսությունից՝ առանց ԵԱՏՄ -ից դուրս գալու։ Բայց դրա նախապատրաստական, դրա տնային աշխատանք որպես կարելի է դիտարկել այս ապրիլհինգյան հանդիպումը», - ասաց Քոչինյանը։

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայից բացի, արդյո՞ք օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ Իշխանական պատգամավորն ասում է՝ ոչ. - «Խաղաղության գործընթացը էդ հանդիպման օրակարգում, որպես օրակարգային կետ չկա, որովհետև հանդիպումը քննարկելու է երկկողմ բնույթի հարցեր՝ Հայաստան -ԱՄՆ և Հայաստան - ԵՄ»։

Քաղաքագետն ակնկալում է, որ նաև անվտանագյին և քաղաքական հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը, մինչդեռ, ակնկալում է, որ Բրյուսելում տնտեսականից բացի, նաև անվտանգային և քաղաքական հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։ Մասնավորապես՝ անվտանգային ոլորտում ոչ մահաբեր միջոցների ձեռքբերման հնարավորությունը՝ Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով։

Եվրոպական խաղաղության մեխանիզմի միջոցով Բրյուսելը աջակցում է Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներին՝ նրանց պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Ի դեպ, վերջերս Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես չէր բացառել, որ բրյուսելյան հանդիման ընթացքում հայտարարվի այս մեխանիզմով Հայաստանին տրվող օգնության մասին։

«Ոչ մահաբեր միջոցներ, օրինակ, սաղավարտ, զրահաբաճկով, օպտիկական միջոցներ, նման միջոցների մասին է խոսքը, որոնց կարիքը մենք նույնպես ունենք», - ասաց Քոչինյանը:

«Ազատության» հարցին՝ պաշտպանական բնույթի զինտեխնիկա ձեռքբերելու հնարավորություն չի՞ տեսնում, քաղաքագետը պատասխանեց. - «Հաճելիորեն կզարմանամ, եթե նման բան լինի, որովհետև այս պահի դրությամբ, ինչքան որ ես հասկանում եմ, խոսքը գնում է ոչ մահաբեր միջոցների մասին, ըստ այդմ քննարկումը դրա մասին է»:

Քաղաքապետն ակնկալում է նաև քաղաքական հարցերի շուրջ պայմանավորվածություններ, օրինակ, Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկ. - «Առաջին փուլում կարող է հանգեցնել վիզաների ռեժիմի ոչ թե չեղարկմանը, այլ՝ դյուրացմանը»:

Ի՞նչ չափի ֆինանսական օգնություն կարող է ակնկալել Հայաստանը Եվրամիությունից ու Միացյալ Նահանգներից։ Խորհրդարանի Եվրաիմտեգրման հանձնաժողովի նախագահ Արմանի Եղոյանն ասում է՝ ճիշտ չէ հիմա թվեր հնչեցնել, քանի որ ֆինանսական աջակցությունը տարբեր գործիքներով է իրականցվում՝ բյուջետային, վարկային տեխնիկական, փորձագիտական աջակցություն միջոցով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG