Մատչելիության հղումներ

Դատախազությունը պահանջում է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, ավելի քան 1.1 մլրդ դրամ


Արա Վարդանյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում, արխիվ
Արա Վարդանյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում, արխիվ

Հակակոռուպցիոն դատարանը մարտի 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից անշարժ և շարժական գույքեր, ավելի քան 1.14 մլրդ դրամ բռնագանձելու պահանջով:

Դատախազության հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Դատախազությունը պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ, 933 մլն 144 հազար դրամ, «որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել», և 208 մլն 214 հազար դրամ՝ «որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ»:

Ըստ նույն հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն դատարանը մարտի 12-ին վարույթ է ընդունել Դատախազության հայցադիմումը Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց և 273 հազար 755 դրամ, մարտի 19-ին էլ՝ հայցադիմումը ՍՊ ընկերությունների սեփականատեր Արտակ Բաղիկյանից և նրան փոխկապակցված անձանցից 5 անշարժ գույք, 4 իրավաբանական անձանցում մասնակցություն և 52 մլն դրամ բռնագանձելու պահանջով:

2018 թվականի հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արա Վարդանյանին, պնդելով՝ վերջինս խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել: Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա հաղորդագրություն էր տարածել, որում ներողություն էր խնդրում ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»:

2019-ի հոկտեմբերին Վարդանյանը կալանավորվել էր յուրացման մեղադրանքով, երկու ամիս անց 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

XS
SM
MD
LG