Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար. վարչապետ


Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար, Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտել է, որ խաղաղության ձգտումների և օրակարգի առիթով Հայաստանի իշխանություններին շատ հայհոյում են, ապա սուտ է որակել լուրերը, թե իր ղեկավարած կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Վարչապետը ևս մեկ անգամ հայտարարել է՝ Հայաստանի Հանրապետությունում երբևէ չեն եղել Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Աշաղա Ասկիպարա, Բաղանիս Այրում անունով գյուղերը, ընդգծելով, որ Երևանը հավակնություններ չունի նշված գյուղերի տարածքների վրա։

«Սա պետք է շատ հստակ արձանագրել, առավել ևս այն պայմաններում, երբ մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գտնել, կամ առնվազն մեր գնահատականն է այդպիսին, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ, տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար:

Մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձն այն է, որ Հայաստանն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի, ներառյալ նշված՝ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա, ընդ որում, ուզում եմ իմանաք, որ Կըզըլ Հաջիլի գյուղը 100 տոկոսով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո այսօր»,-ասել է նա:

Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասկիպարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի դեռ մարտի 12-ի ասուլիսի հայտարարության համաձայն, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի։

XS
SM
MD
LG