Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կուսակցություն է ստեղծում, այն կկոչվի «Նոր ուժ»։ Մարությանն էլ կղեկավարի։
Ո՛չ նախկին ենք լինելու, ո՛չ ներկա, նոր ուժ ենք, ասում է նրա թիմակից Գրիգոր Երիցյանը։
«Նոր շունչ ենք բերում մեր քաղաքական դաշտ», - ասաց նա։
Ի՞նչ շունչ են բերելու, որ կտարբերվեն դաշտում եղած քաղաքական ուժերից, ինչ է առաջարկում ընտրողներին այս նոր ուժը, ասում են. - «Ո՛չ նախկին ենք, ո՛չ ներկա, ո՛չ սև ենք, ոչ սպիտակ»։
Քաղաքական դաշտում սև ու սպիտակի համար են հիմա պայքարում, իսկ ռեֆորմիստական այս կուսակցությունը նոր գույն կբերի, ասում է Մարությանի գաղափարակիցը. - «Քաղաքական դաշտն ունի շատ այլ գույներ, և մենք այդ գույներից մեկն ենք լինելու և վստահաբար չենք լինելու սև կամ սպիտակ»։
5 տարի առաջ Հայկ Մարությանն էր հայ հանրությանը սևերի ու սպիտակների բաժանել, երբ իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ էր։
Իսկ արդեն Մարությանի ռեֆորմիստական կուսակցության համար սկզբունքային կլինի հանրային հարաբերություններում խտրականության բացառումը, հասարակության բոլոր հատվածների ներգրավումը պետության զարգացման գործին։
«Երևանի ավագանիում նույնպես մեր գործունեությանը ցույց է տալիս, որ մենք տարբերվում ենք մեր մոտեցումներով, խոսույթով և քաղաքական մշակույթով, թե ընդդիմադիր այլ գործունեություն ծավալող կուսակցություններից և թե իշխանություններից», - նշում է Գրիգոր Երիցյանը։
Կուսակցություն ստեղծելու և 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին Մարությանը հայտարարեց 2 ամիս առաջ, մինչ այդ խոստացավ ակտիվ պայքար սկսել սեպտեմբերից և տապալել տրանսպորտի ուղեվարձի թանկացման իշխանության ծրագիրը։
Ներքաղաքական կյանքում կուսակցության առաջնահերթություններից են դատարանների անկախության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, արտաքին հարցերում հավասարակշռված քաղաքականության կողմնակից են։
«Մենք սոցիալ -դեմոկրատական կուսակցություն ենք, ինչը նշանակում է, որ մենք, իհարկե, կիսում ենք արևմտյան արժեքները և կողմ ենք Հայաստանի Հանրապետության եվրաինտեգրմանը, միևնույն ժամանակ բարեկամական հարաբերություններ պահպանելով տարածաշրջանի բոլոր երկրների հետ», - նշեց Գրիգոր Երիցյանը։
Հայկ Մարությանի թիմը Երևանի ավագանիում երկրորդ ուժն է։ Մայրաքաղաքում մոտ 44 հազար քվե ստացավ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» գլխավոր մրցակիցն էր։ Ընտրություններից մի քանի ամիս անց Երևանի ավագանու իշխանական խմբակցությունները «Հանրային ձայնի» օգնությամբ մանդատից զրկեցին Մարությանին։ Երևանի քաղաքապետի պաշտոնից էլ նրան զրկեց ՔՊ-ն։ Նոր ստեղծվող ուժը համարո՞ւմ են Փաշինյանի իշխանությանն այլընտրանք, ասում է. - «Երևանի մակարդակում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունների մոտ իսկապես վախ կա այն բոլոր ուժերից, որոնք որևէ կերպ ավելացված չեն նախկին իշխանություների հետ։ Քանի որ այս իշխանությունների վերընտրվելու և վերարտադրվելու հիմնական մեխանիզմը եղել է և մնում է նախկինների նկատմամբ ատելության քարոզը և իրենց հաղթելու միջոցով ընտրությունների գալ»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր նախկին թիմակից Հայկ Մարությանին էլ է համարում այն մարդկանցից մեկը, որ կուսակցություն ստեղծելու իրավունք ունի, բայց իշխանական պատգամավորը ակնարկում է՝ Երևանում և մարզերում ընտրության պատկերը նույնը չի կարող լինել;
«Երևանը այլ, էսպես ասած, մթնոլորտ ունի քաղաքական մարզերում, այլ մթնոլորտ է, և ես որևէ խնդիր չեմ տեսնում և անկեղծ եմ ասում, ես չեմ տեսնում նաև անհրաժեշտություն՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնել և երկար վերլուծել Հայկ Մարությանի քաղաքական հայտը», - «Ազատության»-ն ասաց նա։
Ստեղծվելիք կուսակցությանն անդամագրվել են ավագանու «Առաջընթաց» խմբակցության անդամներից։ Թե հանրային դեմքերից ովքեր կլինեն, դեռ փակագծեր չեն բացում։ Իսկ ի՞նչ միջոցներով են կուսակցության հիմնում՝ Գրիգոր Երիցյանի վստահեցամբ՝ այս փուլում կոնկրետ ֆինանսավորող չունեն, հետագայում կհասկանան՝ ովքեր են պատրաստ աջակցել իրենց։