«Թույլ չտալ ազգամիջյան և միջկրոնական բախումներ»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան այցելել է Տվերի մարզ, որտեղ Տորժոկում օդաչուների մարտական վերապատրաստման 344-րդ պետական կենտրոնում զրուցել է զինվորականների հետ:
Նա իր ելույթի մի մասը «Կրոկուսի» համերգային համալիրում դաժան ահաբեչության առնչությամբ էր։ Նա խոսել է երկրում միասնությունը պահպանելու, ազգամիջյան և միջկրոնական բախումներ թույլ չտալու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ այս պահին Ուկրաինայում մարտական գործողություններին են մասնակցում բազմազգ Ռուսաստանի բոլոր ժողովուրդները և բոլոր կրոնական ուսմունքների հետևորդները:
«ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերը համաշխարհային ծախսերի մոտ 40 տոկոսն են կազմում, Ռուսաստանինը՝ 3.5 տոկոս»
Նախագահ Պուտինը նաև անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություներին և հավաստիացրել, թե Ռուսաստանը որևէ պարագայում չի ցանկանում առճակատվել այդ դաշինքի հետ։
«ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերը համաշխարհային պաշտպանական ծախսերի մոտ 40 տոկոսն են կազմում, Ռուսաստանինը՝ 3 և կես տոկոս: Հաշվի առնելով այս տարբերությունը՝ մենք պատրաստվում ենք պատերազմե՞լ ՆԱՏՕ-ի հետ նման միջոցներով: Սա ուղղակի զառանցանք է»,- ասել է Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարը:
Նրա պնդմամբ, արևմտյան առաջնորդները ռուսական սպառնալիքներով ահաբեկում են իրենց ժողովուրդներին՝ պաշտպանական ծախսերի ավելացումն արդարացնելու համար:
«Բացարձակ անհեթեթություն է, հարձակում Լեհաստանի, Բալթյան երկրների վրա, հիմա էլ չեխերին են վախեցնում, դա մեկ բանի համար է արվում՝ ահաբեկել և ստիպել բնակիչներին կրել ռազմական նոր ծախսերի բեռը»,- պնդել է Պուտինը:
«Ֆ-16-ները կոչնչացվեն, ինչպես արևմտյան այլ տեխնիկան»
Տվերում օդաչուների հետ զրույցում նա խոսել է նաև Ֆ-16 (F-16) տեսակի ամերիկյան արտադրության կործանիչներ Ուկրաինա ուղարկելու Արևմուտքի մտադրության մասին, ասելով, որ հարցը քննարկվում է, ուկրաինացի օդաչուներն էլ սովորում են ու վարժանքների են մասնակցում:
Պուտինը վստահեցրել է, թե այդ օդանավերը չեն ազդի ուժերի հարաբերակցության և «հատուկ ռազմական օպերացիայի» իրականացման վրա։
«Եթե տրամադրեն Ֆ-16-ներ, իրավիճակը մարտի դաշտում չի փոխվի, մենք կոչնչացնենք այդ օդանավերն այնպես, ինչպես ոչնչացնում ենք նրանց հրասայլերը, զրահամեքենաները և այլ տեխնիկան»,- պնդել է Պուտինը:
«Եթե Ֆ-16-ը օդ բարձրանա երրորդ երկրից՝ օդակայանը թիրախ կդառնա»
Ռազմական փորձագետները ենթադրում են, որ «Ֆ-16»-ներն Ուկրաինայում կհայտնվեն ամռան ամիսներին:
Պուտինը նաև մի սպառնալիք է հնչեցրել, ասելով, որ եթե «Ֆ-16»-ներն օդ բարձրանան որևէ երրորդ երկրի օդակայանից, ապա այն Ռուսաստանի համար կդառնա օրինական թիրախ:
«Որտեղ էլ գտնվեն այդ օդակայանները, դրանք մեզ համար օրինական թիրախ կլինեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը: