Մատչելիության հղումներ

«Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է. ԱԺ նախագահ


Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց, թե «Զվարթնոց» օդակայանից ռուսաստանցի սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում:

«Հայաստանի համար արդեն որոշված թեմա է, և ես չեմ կարծում, թե քննարկելի կա։ Փորձ է արվում դա որպես միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում դա միջգերատեսչական համաձայնություն է եղել, նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին այդ բեռը «թեթևացնել», այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա», - ի պատասխան «Ազատության» հարցին՝ նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ չի քննարկվում նաև հայ-թուրքական սահմանից ռուսաստանցի սահմանապահներին հեռացումը, միաժամանակ նա ընդգծեց. - «Հիմա ինչ-որ բաներ են խոսում, ասում են՝ բա Թուրքիայի սահմանը և այլն, ով է պահելու, և այլն, ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվի, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են»։

Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ Հայաստանն այս պահին չի քննարկում Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին։

«Եվ այնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականացնենք», - ասել էր վարչապետը։

Օդանավակայանից ռուսներին հանելն ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG