Մատչելիության հղումներ

ՌԴ իշխանությունները ծրագրում են անցկացնել նոր զանգվածային զորակոչ


Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են անցկացնել նոր զանգվածային զորակոչ՝ Ուկրաինայի դեմ կռվող բանակը հզորացնելու և Խարկովը շրջափակելու համար: Այդ մասին հայտնել է «Վյորստկա» կայքը, որը վկայակոչում է ՌԴ նախագահի աշխատակազմին ու Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած չորս անանուն զրուցակիցներին:

Նրանց փոխանցմամբ՝ Կրեմլը մտադիր է զորակոչել 300 հազար մարդ։ Ըստ «Վյորստկա»-ի զրուցակիցների, պահեստազորայիններին կարելի է ստիպողաբար զորակոչել, ժամկետային զինծառայողներին կարող են ստիպել նոր պայմանագիր կնքել բացի այդ, կարելի է մոբիլիզացնել պահեստի զինծառայողներին:

Մոսկվայի մի քանի զինկոմիսարիատներ և պետական մարմիններ «Վյորստկա»-ին փոխանցել են, որ զբաղված են զորակոչի հարցերով: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, պատկան մարմինները կարող են ուսումնական հավաքների կանչել պահեստազորայիններին, որոնց մի մասին հետագայում կպարտադրեն անցնել ծառայության և մասնակցել Ուկրաինայի օպերացիային:

Պահեստազորայիններին պայմանագրեր կնքելու պարտադրումը պայմանավորված է նրանով, որ Ուկրաինայի հետ կռվելու պատրաստ մարդկանց թիվն էապես նվազել է։ 2023-ի տարեսկզբի համեմատությամբ, երբ ըստ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, բանակն ընդունել է մոտ 400 հազար նոր զինվոր, համալրման տեմպերը զգալիորեն դանդաղել են։ Եթե նախկինում ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու համար կենտրոններ է դիմել օրական 500-600 մարդ, ապա հիմա՝ ընդամենը 20-30 մարդ է դիմում։

«Վյորստկա»-ի փոխանցմամբ՝ անանուն զրուցակիցները զինծառայողների հավաքագրման նախապատրաստությունն անվանում են «զորահավաք 2.0»։

Նախագահի աշխատակազմի աղբյուրներից մեկը, պատասխանելով Խարկովի հնարավոր շրջափակման մասին հարցին, նշել է, որ քաղաքից «երկրորդ Մարիուպոլ» սարքելու մտադրություն չկա։

Այս հրապարակված տեղեկությունների պաշտոնական հաստատում չկա։

Ռուսաստանում «մասնակի զորակոչը» սկսվել է 2022 թվականի աշնանը՝ ռուսական բանակի անհաջողությունների ֆոնին։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, բանակ է կանչվել 300 հազար մարդ։ Նրանք չեն կարող դադարեցնել ծառայությունը մինչև մոբիլիզացիոն շրջանի ավարտը, որն ըստ կառավարության զեկույցների, չի ավարտվի մինչև Ուկրաինայի հետ պատերազմի ավարտը։ Այժմ զորահավաք չի իրականացվում, բայց այն կարող է վերսկսվել ցանկացած պահի: Դրա համար նույնիսկ առանձին հրամանագիր չի պահանջի։

Վերջին տվյալներով՝ պատերազմում զոհվել է գրեթե 6000 մոբիլիզացված մարդ, որոնց անունները պարզվել են բաց աղբյուրների միջոցով։ Իրականում այս ցուցանիշը կարող է շատ ավելի բարձր լինել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG