Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը պետք է պատրաստ լինեն Ռուսաստանի հետ երկարատև հակամարտության. Շվեդիայի ԱԳ նախարար


Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմ, արխիվ
Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմ, արխիվ

Հյուսիսատլանտյան դաշինքը և Եվրոպական միությունը պետք է պատրաստ լինեն Ռուսաստանի հետ երկարատև հակամարտության: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։

«Մենք պետք է հասկանանք, որ մեզ Ռուսաստանի հետ երկար հակամարտություն է սպասում: Դա վերաբերում է թե՛ ՆԱՏՕ-ին և թե՛ Եվրամիությանը: Մենք պարտավոր ենք համապատասխան եղանակով պատրաստվել դրան», - ասել է Բիլստրյոմը Deutsche Welle գերմանական մեդիա խմբին տված հարցազրույցում:

Նախարարի կարծիքով, դա առաջին հերթին վերաբերում է Բալթյան երկրներին ու Լեհաստանին։ Բիլստրյոմը հիշեցրել է, որ Շվեդիան Լատվիա կուղարկի մեքենայացված գումարտակի մի մասը և կամրապնդի ռազմածովային ուժերը Գոտլանդի կղզու և Բալթյան ծովի տարածքում։ Նրա խոսքով՝ Շվեդիան արդեն օդային պարեկություն է իրականացնում տարածաշրջանում և օգտագործում է իր սուզանավերը նմանատիպ նպատակներով։

Ավելի վաղ Բիլստրյոմը նշել էր, որ առաջնահերթ խնդիր է համարում Բալթյան ծովի ամենակարևոր շվեդական կղզու՝ Գոտլանդի պաշտպանության ամրապնդումը, և կղզին անվանել էր «հսկայական ավիակիր»։

Փետրվարի 26-ին Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պայմանագիրը։ Մինչ այդ դա արել է նաև Անկարան, որը տևական ժամանակ առարկում և պահանջներ էր ներկայացնում Ստոկհոլմին:

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին հարձակվել է Ուկրաինայի վրա: Մոսկվան դատապարտել է Հելսինկիի և Ստոկհոլմի որոշումերը և հայտարարել է, որ համապատասխան միջոցներ կկիրառի: Շվեդիան դարձել է ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։

XS
SM
MD
LG