Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու


Հյուսիսատլանտյան անվտանգության համար էական ու կարևոր է Հարավային Կովկասում կայունությունը, քանի որ առերեսվում ենք ավելի վտանգավոր աշխարհի հետ, այսօր կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգը Երևան է ժամանել Բաքու ու Թբիլիսի գնալուց հետո։

«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու տարիների հակամարտությունից հետո: Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման համար և ձեր ժողովուրդների համար տևական խաղաղության համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին», - ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը նկատեց՝ Ռուսաստանի սկսած պատերազմն Ուկրաինայում հիշեցնում է, որ խաղաղությունը պետք է գնահատել, ապա ողջունեց, իր ձևակերպմամբ, Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ։ Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, բայց այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով», - ասաց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Թե ավտորիտար ինչ երկրներ կարող են ոգեշնչվել Ռուսաստանի օրինակից Մոսկվայի հաջողության դեպքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չմանրամասնեց։ Լրագրողներ ճեպազրույցին հրավիրված չէին, հարցեր տալու հնարավորություն չկար։

Խոսելով Հայաստանի ժողովրդավարական ու բարեփոխումների օրակարգից՝ Ստոլտենբերգը գնահատեց նաև ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը։

Իր հերթին, Հայաստանի վարչապետը նշեց, որ Երևանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, և հույս հայտնեց որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը», շուտով կհաստատվի:

«Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները», - հայտարարեց Փաշինյանը:

Խոսելով հայ - ադրբեջանական հարաբերություններից, վարչապետը վերահաստատեց Երևանի մոտեցումը՝ Բաքվի հետ կարգավորելու հարաբերությունները արդեն համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատում ու տարածաշրջանի ապաշրջափակում։

«Ակնկալում ենք միջագային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականության միանշանակ մերժումը», - ասաց վարչապետը:

Երևանը հավատարիմ է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին, նշեց Փաշինյանը: Ընդ որում, ըստ վարչապետի, Անկարայի հետ դեռ երկու տարի առաջ ձեռք բերված պայմավորվածությունների իրագործումը կարող է դրական ազդել տարածաշրջանի զարգացումների վրա։

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Երևանը առանձնահատուկ հարաբերություններ ունի Թբիլիսիի և Թեհրանի հետ, հետևաբար՝ որևէ այլ համագործացություն չի կարող ուղղված լինել այս տարածաշրջանի դեմ։

«Գլխավոր քարտուղարի հետ զրույցի ընթացքում առիթ ենք ունեցել անդրադառնալ նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների օրակարգին, ընդգծել եմ, որ այս գործընթացը ուղղված չէ որևէ պետության դեմ և միտված է բարձրացնել Հայաստանի Զինված ուժերի պաշտպանական կարողությունները՝ ապահովելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը», - հայտարարեց վարչապետը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Փաշինյանի հետ առանձին բանակցություններից բացի ունեցել է նաև ընդլայնված կազմով հանդիպում, որից հրապարակված կարճ տեսանյութում նա կրկին անդրադարձել է ռուս - ուկրաինական պատերազմին, ողջունել Հայաստանի ջանքերը Ուկրաինային մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում, ինչպես նաև աջակցություն հայտնել Երևանի վարած արտաքին քաղաքականությանը։

«Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերին՝ միտված առավել անկախ արտաքին քաղաքականության զարգացմանը, ինչը կարծում ենք, որ կարևոր է», - ասել է Ստոլտենբերգը:

Օրվա երկորդ կեսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ընդունել է նաև Հայաստանի նախագահը: Յենս Ստոլտենբերգը և Վահագն Խաչատուրյանն անդրադարձել են Հայաստան- ՆԱՏՕ երկարամյա գործընկերությանը, խոսել հայ զինծառայողների ներկայությունից Կոսովոյում։

XS
SM
MD
LG