Մատչելիության հղումներ

ԱԺ քառօրյայում նաև ԵՄ առաքելության կարգավիճակի համաձայնագրի վավերացման հարցն է


Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը, օրակարգում նաև ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին Եվրամիության ու Հայաստանի միջև կնքված համաձայնագրի վավերացման հարցն է։

2023-ի հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է։

Եվրամիության արտգործնախարարները 2023-ի նոյեմբերին հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Դեկտեմբերի վերջին ԵՄ-ն դիտորդների թիվը՝ 138-ից հասցրեց 209-ի: Այսինքն՝ այս տարվա սեպտեմբերից առաքելությունն արդեն 209 հոգանոց կազմ կունենա։

Ազգային ժողովում քննարկվելիք փաստաթուղթը լուծում է դիտորդների կարգավիճակի, այդ թվում՝ լայն արտոնություններ տրամադրելու հարցը Հայաստանում, օրինակ՝ դյուրացվում է անձնակազմի, նրանց տրանսպորտային միջոցների, անձնական իրերի մուտքը Հայաստան, վավեր են ճանաչվում նրանց վարորդական կամ օդաչուի վկայականները, անձնակազմի անդամները ճանաչվում են անձեռնմխելի, նրանք չեն կարող ձերբակալվել կամ կալանավորվել։

Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ավելի վաղ պարզաբանելով փաստաթղթի կարևորությունը՝ շեշտել էր, որ նրանք օտարերկրացիներ են, և պետք է ունենան մի ինչ-որ կարգավիճակ՝ մի առաքելության շրջանակում։

«Մինչ այդ, այսինքն՝ չի եղել նման որևէ առաքելություն, և նախադեպ էլ չկար: Եվ ահա դրա համար կարիք կար, որ էդ բոլոր իրավունքները և պարտականությունները ամրագրվեին փաստաթղթով», - ասել էր Եղոյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշ մտահոգություններ էին հայտնել փաստաթղթի կապակցությամբ, այդ թվում՝ շեշտելով առաքելության շարքերում Եվրամիությունից դուրս երրորդ երկրների ներգրավման հարցը՝ չհստակեցնելով, դեմ, թե կողմ են քվեարկելու նախագծին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG