Մատչելիության հղումներ

Մերձդնեստրից հաղորդում են զորամասին ԱԹՍ հարվածի մասին, Քիշնևը տարածաշրջանում «խուճապ առաջացնելու փորձ» է որակում


Ուղաթիռի բեկորներ Տիրասպոլի մոտ գտնվող զորամասում, 17-ը մարտի, 2024թ․
Ուղաթիռի բեկորներ Տիրասպոլի մոտ գտնվող զորամասում, 17-ը մարտի, 2024թ․

Չճանաչված Մերձդնեստրում հայտարարում են զորամասին կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարվածի մասին։ Նշվում է հարվածին հաջորդած պայթյունի ու բռնկված հրդեհի մասին։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել Տիրասպոլի զորամասերից մեկի տարածքում, զոհեր չկան։

"Новости Приднестровья"-ն նշում է, որ օդանավակայանում կայանված ուղղաթիռ է այրվել, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Մերձդնեստրյան առաջին հեռուստաալիքը հրապարակել է ենթադրյալ պայթյունի հետևանքների լուսանկարները։

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ իրենք առանչություն չունեն այդ հարձակման հետ, որի հետևանքով իբր ՄԻ-8 ուղղաթիռ է ոչնչացվել։

Քիշնևը տեղի ունեցածը «տարածաշրջանում վախ և խուճապ առաջացնելու փորձ» է որակել։

«Տեսանյութերը դիտելուց և [մոլդովական այլ գործակալությունների հետ] տեղեկատվություն փոխանակելուց հետո հայտնում ենք, որ միջադեպը տարածաշրջանում վախ և խուճապ առաջացնելու փորձ է։ Նկարներում պատկերված ռազմական տեխնիկան մի քանի տարի է չի աշխատում», - ասված է հայտարարությունում։

«Ազատության» մոլդովական ծառայությունն ընդգծում է, որ ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել, երբ չճանաչված Մերձդնեստրի բնակիչները քվեարկում էին Ռուսաստանի նախագահական ընտրություններում՝ Դնեստրի ձախ ափին Ռուսաստանի բացած վեց ընտրատեղամասերում, իսկ ընտրատեղամասերը բացվել են Քիշնևի դժգոհության ֆոնին։

1992-ից Մերձդնեստրը փաստացի չի գտնվում Քիշնևի վերահսկողության տակ։ Ավելի քան 20 տարի Մերձդնեստրում տեղակայված է մոտ 1700 ռուս զինվորական։ 2022-ի մարտին Մերձդնեստրի իշխանությունները Մոլդովային կոչ արեցին ճանաչել իրենց անկախությունը և ստորագրել միջպետական համաձայնագիր՝ Մոլդովայի ղեկավարության կողմից Եվրամիությանն անդամակցելու դիմում ներկայացնելու ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG