Մատչելիության հղումներ

Կան միջազգային դերակատարներ, որ շահագրգռված են Հայաստանի գոյության դադարեցմամբ. Միրզոյան


«Մենք ոչ նեղացած ենք, ոչ էլ կնեղանանք»

«Դուք ո՞ւմ կողմից եք», հարցն այսօր երկու անգամ ընդդիմությանը տվեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին «Հայաստան» դաշինքի պատգամավորների հարցերին պատասխանելիս։ Կրկնեց վարչապետի հայտարարությունը՝ այս պահին մասնակցությունը ռազմական դաշինքին որոշակիորեն սառեցված է։

«Նեղացած հարսի տրամաբանությամբ մեր քաղաքականությունը մինչև ե՞րբ է շարունակվելու, քննարկում արդյոք եղել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով, որովհետև ոչ էս կողմ, ոչ էն կողմ տրամաբանությունը կարծես թե չի աշխատում՝ ոչ գործընկերներն են արձագանքում էս սառեցման մեր պրոցեսին, ոչ էլ սառեցման պրոցեսը որևէ պտուղ, արդյունք է տալիս», - ասաց Ագնեսա Խամոյանը։

«Հայաստանի Հանրապետության վրա երբ տեղի է ունեցել հարձակում, մենք դիմել ենք մեր գործընկերներին, և նրանք անգամ հրաժարվել են ընդունել, որ մեր վրա տեղի է ունեցել հարձակում, կարծես որևէ մեկի համար գաղտնիք է՝ Ջերմուկն ում տարածքում է գտնվում, և մեզ այդպիսի պատասխան են տվել, և Դուք հիմա շարունակում եք մեզ մեղադրել իրենց տված այդ պատասխանի համար։ Ի՞նչ է նշանակում նեղացած։ Մենք ոչ մեկից ոչ մի բան ուզել ենք, ոչ նեղացած ենք, ոչ էլ կնեղանանք, մեզ պետք է գրված պարտավորությունների կատարում», - արձագանքեց նախարարը։

Ագնեսա Խամոյանից բացի, նաև Լևոն Քոչարյանն իր գնահատականն ուներ. - «Արդյոք դուք գնահատո՞ւմ եք՝ այս ամեն ինչի լրջությունը ու հետևանքներն ինչ կարող է լինել։ Երբ որ ինչ-որ համագործակցություն արվում է մեկի դեմ, սա շատ լուրջ ուրիշ բաներով է հղի, գիտեք՝ էն նեղացած կնոջ բանը չպիտի էլի լինի, որ ամուսինը դավաճանում է, ինքն էլ դրա դիմաց գնում, դավաճանում է, բայց դրանից ոչինչ չի շահում, ուղղակի դառնում է փչացած, կներեք էլի, ժողովրդի լեզվով ասած»։

«Ցավում եմ, որ մեր կարգավիճակն այդպես եք տեսնում և մեզ դավաճանվող կնոջն եք նմանեցնում, որը պարտավոր է համակերպվել մնացած բաների հետ, բայց պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ-ն որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ և իր հարաբերությունները չի կառուցում, եթե նկատի ունեք Ռուսաստանի Դաշնությունը և մեր հարաբերությունների խորացումը Արևմուտքի հետ, կարամ շատ ուղիղ ասեմ՝ Արևմուտքի հետ, օրինակ՝ Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները խորացումը ուղղված չի ՌԴ-ի հետ և նպատակ չունի այդ հարաբերությունները փչացնել, նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործել, նպատակը միայն ՀՀ-ի անվտանգության բարձրացումն է, ոչ որևէ մեկի դեմ»։

Երբ Հայաստանը կունենա ԵՄ անդամության հայտ ներկայացնելու մտադրություն, դրա մասին կիմանաք, արդեն նիստից հետո լրագրողներին ասաց արտգործնախարարը։ Երկու օր առաջ Եվրամիության օրենսդիր մարմինը՝ Եվրախորհրդարանը, գործադիր իշխանությանն առաջարկեց դիտարկել Հայաստանին Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: Երևանից ողջունեցին, բայց չկոնկրետացրին՝ գործնական քայլերի գնալո՞ւ են։

Հայաստանի համար կան գոյաբանական խնդիրներ. նախարար

Հայաստանի համար կան գոյաբանական խնդիրներ, հայտարարեց Միրզոյանը, բայց թե ո՞ր երկրներն են Հայաստանին սպառնում, փակագծեր չբացեց. - «Կան միջազգային դերակատարներ, ովքեր ուղղակիորեն շահագրգռված են Հայաստանի Հանրապետության գոյության դադարեցմամբ, կան դերակատարներ, ովքեր հավակնություններ ունեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Այսպիսի պայմաններում ոչինչ չի կարող վարդագույն լինել»։

Ընդդիմություն-իշխանություն փոխադարձ մեղադրանքներ

Միրզոյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում էր կառավարության 5-ամյա ծրագրի անցած տարվա արդյունքները։

4.5 ժամանոց քննարկումը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր ընդդիմություն-իշխանություն փոխադարձ մեղադրանքներով։ Նոր Սահմանադրության հարցն էլ դրանցից մեկն էր։

«Բոլորը հասկանում են, որ դուք Ադրբեջանի պատվերն եք իրականացնում, Ադրբեջանն էլ է դա փաստում, բոլորս ՀՀ-ում հասկանում ենք, բայց Դուք համառորեն շարունակեք պնդել, որ դա մեր ներքին գործն է», - ասաց Աննա Գրիգորյանը։

«Ուրեմն, ուշադիր լսեք՝ Ադրբեջանի պատվերը Դուք եք կատարում անձամբ, և Ադրբեջանի հովանավորած ուրիշ երկրի պատվերը», - պատասխանեց Միրզոյանը։

Ու չնայած Բաքվից, մասնավորապես, Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու կոչ է հնչում, արտգործնախարարը այսօր էլ հայտարարեց՝ դա Հայաստանի ներքին գործն է, Ադրբեջանի հետ բանակցության թեմա չէ։

Արցախահայերի վերադարձի մասին հարց եղավ, Միրզոյանն ասաց՝ այս պահին նպատակահարմար չեն համարում ուղղորդող հայտարարություններ անել։ Կարծում է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչած Հայաստանի կառավարությունն ամեն ինչ արել է հայաթափումը կանխելու համար։

«Արցախի հայաթափման հետ Դուք հեչ կապ չունե՞ք, բա լավ հիմնական դիվանագետը Դուք եք եղել, մասնակցել եք բանակցություններին, ո՞նց ա ստացվել, որ Արցախը հայաթափվել է, 2023 թվականը, որի կատարողականը Դուք եք ներկայացնում, հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես սև էջ», - հարցրեց Աննա Գրիգորյանը։

Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց. - «Այն պահին, երբ մենք կոչ էինք անում աշխատել այդ իրավունքների պահպանման ուղղությամբ, այնտեղ ընդունում էին բանաձևեր զանազան տարածքների մասին։ Մեկ էլ հոփ, երկու օրում գնացին ու լուծարեցին իրենց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եթե Դուք հարցեր ու մեղադրանքներ ունեք, գնացեք, ուրիշ մարդկանց տվեք։ Այն պահից, երբ որ իրենք որոշեցին դուրս գալ, որովհետև իրենք որոշեցին լուծարել, և սովորական մարդիկ ստիպված եղան փախնել իրենց կյանքը փրկելու համար, մենք միայն կարող էինք և դա արեցինք, գրկաբաց ընդունել և հոգ տանել»։

Քննարկում Ադրբեջանի պահանջած գյուղերի մասին

Նիստում նաև Ադրբեջանի պահանջած ոչ անկլավային չորս գյուղերից խոսք գնաց. Միրզոյանն ասաց՝ որևէ պաշտոնյա Տավուշի մարզից չի կարող գյուղ հանձնել, ընդհուպ խոսեց իրավական պատասխանատվությունից։ Ըստ էության, կրկնեց վարչապետին, ով այս շաբաթ ասել էր՝ չորս գյուղերը Հայաստանի դե յուրե տարածքում չեն։ Միևնույն ժամանակ ընդունեց՝ սահմանազատման հիմքում դրվելիք հայկական կողմի առաջարկած քարտեզների հարցում փոխադարձ համաձայնություն չկա։

Ընդդիմությունից Քրիստինե Վարդանյանը բառախաղ որակեց պատասխանը. - «Այն չորս գյուղը հայկական վերահսկողության տակ ե՞ն հիմա, թե՞ չէ, փաստորեն դուք սահմանագծում-սահմանազատումն արել եք առանց փաստաթղթի, պայմանավորվել եք»։

«Ես առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ, չգիտեմ, ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ Հայաստանի Հանրապետության գյուղ և Ադրբեջանի գյուղ։ Փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը և հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա», - նշեց նախարարը՝ շարունակելով, - «Փոխըմբռնումը այս ուղղությամբ այս պահի դրությամբ այս հարցով ավելին է, քան օրինակ մի ամիս առաջ։ Ես այս պահին տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այս հարցով փոխադարձ համաձայնության գալուն»։

XS
SM
MD
LG