Մատչելիության հղումներ

Երկրում անկայունության ձևավորման գործընթացը կանխվեց. Քոչարյանը՝ ահաբեկչությունների գործի մասին


«Երկրում սկսվել էր ներքին անկայունություն ձևավորվելու գործընթացը, և բացահայտումը հնարավորություն տվեց կանխել հետագա բոլոր զարգացումները», - «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանում ըստ Քննչական կոմիտեի բացահայտված ահաբեկչության դեպքերին:

Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ բացահայտվել են ահաբեկչության դեպքեր, որոնք ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ: Մելքոնյանի դեպքում՝ երկու անձ պայթուցիկ սարքը սխալմամբ նետել էին պատգամավորի հարևանի տան բակ, իսկ Արսենյանի և ՔՊ գրասենյակների առջև դրված սարքերը չէին պայթել:

«Կարող եմ ես դետալներով ասել՝ որը ինչի չի պայթել։ Որովհետև երբ որ զանգեր են ունեցել մեր գործընկերները, էնպիսի տպավորություն է եղել, որ պետք է պայթած լինեին։ Այսինքն՝ զանգել ասել են՝ «դուրներդ եկա՞վ դա»։ Քննչական մարմինները հիմա էդ դրվագները քննում են», - պատմեց Քոչարյանը՝ շարունակելով. - «Հիմա էդ չի հարցը, գրավոր բաներ են ուղարկել էլի մարդկանց, հիմա քննությունը գնում է, չեմ ուզում մտնել դրա մեջ: Բայց Գուրգեն Արսենյանի պարագայում իր գրասենյակի աշխատակիցը, մեր բախտը բերել է, պարզապես, չլինելով դրա մասնագետ, ինքը երբ որ էդ փաթեթը տեսել բերել է, ինքը վնասազերծել է՝ առանց դրա մասնագետ լինելու: Բախտներս բերել է, որ չի պայթել, որովհետև հեռակառավարման համակարգն էլ հետն է եղել։ Եվ հիմա ապացուցված է, որ էդ պայթուցիկը նաև 1 կիլոգրամից ավելի պայթուցիկ է եղել։ Դա կարող էր անշրջելի մարդկային կորուստների վտանգի առաջ կանգնեցել»:

«Հաջորդ դեպքը մի քիչ այլ ձևի նյութերի օգտագործմամբ է եղել ՔՊ-ի գրասենյակի դիմաց դրվածը, չի պայթել, որովհետև էնտեղ մի քիչ այլ մեխանիզմ է եղել: Ենթադրում եմ՝ քննությունը կպարզի, որ էստեղ տարբեր մասնագիտական խմբեր են աշխատել։ Եվ պարոն Մելքոնյանի՝ շփոթմունքով կողքի հարևանի տանն են գցել և պայթել է՝ գույքային վնաս է տվել, բայց եթե հանկարծ էդտեղ լինեին մարդիկ, անպայման մարդկան էլ կտրվեր: Իսկ պարոն Արսենյանի մոտ պայթյունը կարող էր անշրջելի մեծ մարդկային կորուստների վտանգի առաջ կանգնեցներ», - ընդգծեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

«Ակնհայտ է, որ երեք տարբեր ուղղություններով պայթուցիչներ են կիրառվել, դա նշանակում է, որ պլանավորման խումբ էլ է աշխատել, և նպատակ ունեն քաղաքական ինչ-որ գործընթացների համար երկիրը վերածել անկայունության դետոնացիայի, և դա կանխվեց», - պնդեց Անդրանիկ Քոչարյանը:

Թե որ ուժերն են փորձել երկրում անկայունության գործընթաց ծավալել, Պատպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը չի շտապում եզրակացություն անել, ասում է՝ քննությունը կպարզի:

«Բայց ես ելնում ենք էն մտավախությունից, որ մենք տեսանք՝ «Հոկտեմբերի 27»-ի քաղաքական մասնակցության շրջանակները որտեղ կարող է սկսվեն և ինչով կարող է ավարտվի», - ընդգծեց Քոչարյանը:

«Երեկ Գագիկ Մելքոնյանն ասում էր, որ ռուսամետ ուժերն են այս ամենի ետևում, Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի հնարավորություն», - այս հարցին նա արձագանքեց. - «Ես չեմ կարող պնդեմ Գագիկ Մելքոնյանի տեսակետը, որովհետև մինչև չբացահայտվի՝ ինչամետ ուժ է կանգնած սրա հետևում, ես չեմ կարող դա հնչեցնել»:

Թե ինչու են թիրախավորվել հենց ՔՊ պատգամավորներ Գագիկ Մելքոնյանն ու Գուրգեն Արսենյանը, Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ընդհանուր նպատակը անկայունություն ստեղծելն էր, իսկ կոնկրետ այդ երկու պատգամավորների դեմ են գործողություններ պլանավորվել, քանի որ նրանք Հայաստանի պետականության վերաբերյալ ունեն քաղաքական հստակ տեսակետներ:

Հարցին էլ՝ «տարօրինակ չի՞ թվում առնվազն, որ երբ, ամեն դեպքում, Գագիկ Մելքոնյանենց տան մոտ եկել են և դա իրականացրել են, ճիշտ է՝ հարևանի տուն են նետել այդ պայթուցիկը, դեմքները բաց են եղել, և խցիկները ֆիքսել են նրանց դեմքերը», Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. - «Թերացում է իրենց մոտ, թերացում է, բացահայտ թերացում է, իրենք չեն մտածել, որ էդտեղ կամերաներ կան: Որպես կանոն՝ հավաքագրվում են նման գործողությունների մեջ մարդիկ, որոնք մի քիչ այլ ուղեղային և հոգեվիճակում են գտնվում: Բա չէ, դեմքերը պարզ եկել էին, որ վաղը իրենց բռնե՞ն: Լավ է՝ չեք ասում՝ իշխանություններն են կազմակերպել»:

Ահաբեկչության գործով կալանավորված է չորս անձ։ Նրանցից մեկը՝ Գագիկ Սարգսյանն, ըստ Քննչական կոմիտեի, մեղադրվում է ահաբեկչությունը կազմակերպելու մեջ։ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը: Նրա փաստաբան Վահե Եփրիկյանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալը որևէ կապ չունի այդ ամենի հետ և պատրաստ է մասնակցել ցանկացած քննչական գործողության։

Ի դեպ, չնայած Քննչական կոմիտեն պնդում է, որ ահաբեկչության դեպքերը բացահայտվել են, սակայն միաժամանակ նշում է, որ կազմակերպիչների մասով դեռևս կան նախաքննությամբ չպարզված անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG